17 հունիսի 2011 - 17:19 AMT
Դալիի, Բելմերի, Ֆինի, Կիրիկոի գրաֆիկական աշխատանքները կցուցադրվեն Երևանում

2011 թ. հուլիսի 6-ից Հայաստանի ազգային պատկերասրահում կգործի տպագիր գրաֆիկայի ցուցահանդես (160 աշխատանք)` նվիրված սյուրռեալիստական ուղղության այնպիսի ճանաչված նկարիչների, ինչպիսիք են Սալվադոր Դալին, Հանս Բելմերը, Լեոնոր Ֆինին, Ջորջո դե Կիրիկոն: Կներկայացվեն նաև աբստրակցիոնիզմի հիմնադիր Վասիլի Կանդինսկու գրաֆիկական թերթերը (քսիլոգրաֆիա)` Արժիլե պատկերասրահի (ԱՄՆ, ք. Լոս Անջելոս) տնօրեն Քրիստին Արժիլեի հավաքածուից:

Կցուցադրվեն նաև հայ նկարիչների ստեղծագործություններ, ովքեր կրել են սյուրռեալիզմի ազդեցությունը կամ հարել են այդ ուղղությանը` Ե. Քոչար, Հ. Հակոբյան, Լ. Թութունջյան, Գ. Խաչատրյան, Ս. Փարաջանով և այլք:

Արժիլեների ընտանիքին է պատկանում Սալվադոր Դալիի պղնձափորագրության ամենամեծ հավաքածուն, որոնցից 120 օֆորտ կցուցադրվի Երևանում, այդ թվում` «Մալդորորի երգերը», «Դիցաբանություն», «Ֆաուստ», «Հիպպի» և այլ շարքեր: Աշխատանքների մեծ մասը ստեղծվել են 1934-1973 թվականներին և ընդգրկվել XX դարի փորագրության ոսկե ֆոնդում:

Դալին օֆորտով տարվել է 1930-ական թվականների սկզբին: 1934 թ. նա նկարազարդել է «Մալդորորի երգերը»` կոմս Լոթրեամոնի «Իզիդոր Դյուկաս» պոեմը, որը Զիգմունդ Ֆրոյդի «Երազների մեկնության» հետ մեկտեղ մեծ ազդեցություն է ունեցել Դալի-սյուրռեալիստի կայացման գործում: Նույն թվականին Փարիզում նա հանդիպել է հայտնի նկարահավաք և հրատարակիչ Պիեռ Արժիլեին: Այս հանդիպումը շուրջ կեսդարյա բեղմնավոր համագործակցության սկիզբ է հանդիսացել: 1971 թվականին Պիեռ Արժիլեն Փարիզում բարոն Պետիեից ձեռք է բերել «Մալդորորի երգերը» շարքի օֆորտային տախտակները: Արժիլեն աջակցել է նաև Դալիի փորձերին` պղնձափորագրության տեխնիկայով, որոնք հետագայում մարմնավորվեցին գրաֆիկական տասը շարքերում: