Առաջիկայում պատրաստ կլինի Հայաստանի մշակույթի նախարարության նոր կայքը

Առաջիկայում պատրաստ կլինի Հայաստանի մշակույթի նախարարության նոր կայքը

PanARMENIAN.Net - Հունիսի 17-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամում տեղի ունեցավ Marketingclub-ի անդամների հանդիպումը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ։ Հանդիպման խորագիրը` «Հեռուստատեսությամբ և ինտերնետով կոմերցիոն նախագծերի ընթացքում հակամշակութային ինֆորմացիայի ազդեցությունը հասարակության վրա», ընտրվել էր Marketingclub-ի անդամների կողմից:

Մշակույթի նախարարը պատասխանեց թեմայի շուրջ երիտասարդների հնչեցրած հարցերին։ Մասնավորապես անդրադարձ եղավ հեռուստատեսությամբ հեռարձակվող սերիալներին, որոնք մասսայական անճաշակություն են սերմանում` դարձնելով այն սովորական երևույթ մեր կյանքում:

Խոսելով «Հայաստան» բրենդի զարգացման մասին՝ Հասմիկ Պողոսյանը նշեց, որ երկու տարի առաջ ՀՀ մշակույթի նախարարության կողմից մշակվել է հայկական մշակույթի հանրահռչակման ծրագիր, որն իր մեջ բազմաթիվ տարրեր է պարունակում։ Ծրագրի նպատակը Հայաստանի նկատմամբ միջազգային հետաքրքրություն առաջացնելն է, համաշխարհային մակարդակով մեր մշակույթի դերն ու նշանակությունը բարձրացնելը, մեր երկիրը որպես հին ու նոր մշակութային բացահայտումների վայր ներկայացնելը։

Երիտասարդների հետ հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաև Զորաց քարեր հնավայրին։ Երիտասարդները բարձրացրին այն պահպանելու և աշխարհին լավագույնս ներկայացնելու խնդիրը։ Մշակույթի նախարարը նշեց, որ ՀՀ կառավարության որոշմամբ Զորաց քարեր հնավայրը համարվում է պատմամշակութային արգելոց, որի մասին եռալեզու մեծածավալ ալբոմ է նախապատրաստվում։

Խոսելով ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքի մասին` Հասմիկ Պողոսյանը տեղեկացրեց, որ կայքի զարգացման ուղղությամբ աշխատանքներ են տարվում, և առաջիկայում պատրաստ կլինի նոր կայքը, ինչը հնարավորություն կտա լրացնել մշակութային ինֆորմացիայի պակասը, հաղորդում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---