Այսօր «Պրահայի Քվադրինալե»-ում ներկայացվելու է հայկական տաղավարը

Այսօր «Պրահայի Քվադրինալե»-ում ներկայացվելու է հայկական տաղավարը

PanARMENIAN.Net - Այսօր «Պրահայի Քվադրինալե» միջազգային թատերական փառատոնին ներկայացվելու է հայկական տաղավարը: Այս մասին հայտնում է Չեխիայի հայ համայնքի կայքը: Քվադրինալեյին այս տարի Հայաստանը ներկայանում է առաջին անգամ: Տաղավարը ներկայացվելու է Պրահայի ազգային թանգարանում:

Հայաստանը ձեռք է բերել 20քմ տարածք ազգային տաղավարի համար, որտեղ ընտրել է «Մաքրելով հիշողության փոշին» թեման: Հայաստանը կցուցադրի չորս ներկայացումների բեմանկարչական հենքերը` «Արդաղիոն», «Գիրք ծաղկանց» (Երևանի Մնջախաղի պետական թատրոն) «Աթոռը», «Արեգնազան» (Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն): Հայկական պատվիրակության կազմում են բեմանկարիչ Նելլի Բարսեղյանը, ինչպես նաև Երևանի մնջախաղի պետական թատրոնի բեմադրող նկարիչ Լիլիթ Ստեփանյանը:

Նելլի Բարսեղյանն ընդգծել է, որ Քվադրինալեին մասնակցելու նպատակն է թատերական արվեստի միջոցով օտարներին հաղորդակից դարձնել հայկական արվեստի մյուս ժանրերին, ծանոթացնել «Քվադրինալե»-ի տասնյակ հազարավոր մասնակիցներին հայ թատրոնի պատմության հետ, փորձի փոխանակման միջոցով խթանել Ժամանակակից հայ թատրոնի զարգացմանը, Հայաստանի հանդեպ հետաքրքրություն առաջացնելու միջոցով նպաստել Հայաստանում ներգնա տուրիզմի զարգացմանը: «Պրահայի Քվադրինալե 2011» (PQ2011) միջազգային թատերական փառատոնը Պրահայում կկայանա 12-րդ անգամ: Հերթական «Քվադրինալեին», որը տեղի կունենա կմասնակցի ավելի քան 62 երկիր, որոնց թվում նաև Հայաստանը և այնպիսի խոշոր երկրների, ինչպիսիք են ԱՄՆ, Գերմանիա, Ճապոնիա:

«Պրահայի Քվադրինալեն» աշխարհի խոշորագույն և ամենաճանաչված միջազգային թատերական փառատոնն է բեմական ձևավորման ոլորտում (բեմանկարչություն, զգեստների, լուսային և երաժշտական ձևավորում)` բաղկացած երեք մասնաբաժիններից, որոնց ընթացքում տեղի են ունենում բազմաժանր ցուցադրություններ, սիմպոզիումներ, քննարկումներ, վարպետության դասեր և այլն:

Փառատոնը բացվել է հունիսի 16-ին և կշարունակվի մինչև հունիսի 26-ը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---