20 հունիսի 2011 - 13:00 AMT
Պաշտոնից ազատվել է ԵԱ-2012-ում հայկական ընտրանու մրցակից Մակեդոնիայի թիմի գլխավոր մարզիչ Միրսադ Յոնուզը

Մակեդոնիայի հավաքականի գլխավոր մարզիչ Միրսադ Յոնուզն ազատվել է պաշտոնից EURO-2012 ընտրական մրցաշարում անբավարար արդյունքների կապակցությամբ:

Հրաժարականի մասին որոշումն ընդունվել է Մակեդոնիայի ֆուտբոլային միության (ՄՖՄ) գործկոմի նիստում, որտեղ ուսումնասիրվել է Յոնուզի հաշվետվությունը որակավորման կայացած հանդիպումների մասին: «Յոնուզին պաշտոնից ազատելու մասին որոշումն ընդունվել է միաձայն»,- հաղորդում է UEFA պաշտոնական կայքը:

6 խաղերից հետո B խմբում մակեդոնացիները հինգերորդ տեղում են` ակտիվում ունենալով 4 միավոր: Հայաստանի հավաքականն այս խմբում 8 միավորով 4-րդ տեղում է: Սկոպյեում կայացած առաջին խաղում հայ մարզիկները ոչ ոքի խաղացին մակեդոնացիների հետ` 2:2: Պատասխան հանդիպումը Երևանում կկայանա հոկտեմբերի 7-ին:

Մակեդոնիայի Ֆուտբոլի ֆեդերացիայի մամլո քարտուղար Զորան Նիկոլովսկու խոսքով, նոր գլխավոր մարզչի թեկնածության վերաբերյալ ամեն ինչ պարզ կլինի մոտակա երկու շաբաթվա ընթացքում, հաղորդում է sport-express.ru-ն: