20 հունիսի 2011 - 15:52 AMT
Գյուղերի բնակիչները նվազ տեղեկացված են կենսաթոշակային բարեփոխումների մասին, քան երևանցիները

Այսօր ԱՄՆ ՄԶԳ կենսաթոշակային և աշխատաշուկայի բարեփոխումների ծրագիրը (ԿԱԲԾ) «ԱՄ Փարթնըրզ Քոնսալթինգ Քամփնի» խորհրդատվական ընկերության հետ համատեղ ներկայացրեց Հայաստանում կենսաթոշակային բարեփոխումների մասին հանրության իրազեկվածության ելակետային հետազոտության արդյունքները: Միջոցառմանը ներկա էին ՀՀ կառավարության, հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ինչպես նշել է «ԱՄ Փարթնըրզ Քոնսալթինգ Քամփնի» խորհրդատվական ընկերության ծրագրերի ղեկավար Վարդան Աղբալյանը, գյուղերի բնակիչները նվազ տեղեկացված են կենսաթոշակային բարեփոխումների մասին, քան երևանցիները, սակայն դրական են վերաբերվում բարեփոխումներին: Նա նշել է նաև, որ տղամարդիկ ավելի լավ են իրազեկված կենսաթոշակային բարեփոխումներին, քան կանայք, իսկ տարիքային խմբերում ավելի լավ են իրազեկված նախակենսաթոշակային տարիքի մարդիկ:

Վարդան Աղբալյանը հայտնել է նաև, որ հարցվածների միայն 46%-ն էր ծանոթ գործող կենսաթոշակային համակարգին և նրանցից ընդամենը 27%-ը գիտեր, որ գործող համակարգը բաշխողական է: Հարցվածների ընդամենը 0.9%-ը գիտեր գործատուի և աշխատողների կողմից կատարվող սոցվճարների ճիշտ չափը: Հարցվածների 36%-ը լսել էր կենսաթոշակային բարեփոխումների մասին, իսկ 39%-ը պատրաստակամություն էր հայտնել միանալու կամավոր կուտակային կենսաթոշակային բաղադրիչին: Որպես տեղեկատվության նախընտրելի աղբյուր` հեռուստատեսությունը ստացել էր ձայների մեծամասնությունը (90%-ից քիչ ավել), որին հաջորդում էին թերթերն ու ամսագրերը (19-21%), և վերջում` հարազատներն ու ծանոթները (հարցվածների 14-19%-ը): Աղբալյանը հայտնեց նաև, որ հարցվածների 81 տոկոսը հայտարարել է, որ կենսաթոշակային համակարգի գլխավոր խնդիրը կենսաթոշակների փոքր չափերն են, իսկ երկրորդ տեղում նշել են բարձր կենսաթոշակային տարիքը:

Հարկ է նշել, որ հետազոտության արդյունքները հաշվի կառնվեն կառավարության կողմից բնակչության իրազեկման ընթացքում: