21 հունիսի 2011 - 14:29 AMT
Գագիկ Մինասյան. Բաքվի կողմից ռազմական ագրեսիայի դեպքում աշխարհը կճանաչի Ղարաբաղի անկախությունը

Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիայի կրկնության դեպքում համաշխարհային հանրությունը, պաշտպանելով Հայաստանի դիրքորոշումը, կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, հայտարարել է Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության պատգամավոր, ֆինանսավարկային և բյուջետային հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Նրա խոսքերով, դրա նախադրյալները կան Դովիլի հայտարարությունում, որտեղ, ի տարբերություն նախորդ փաստաթղթերի, առաջին անգան խոսքը գնում է հակամարտող կողմերի մասին:

Ավելին, Գագիկ Մինասյանի խոսքերով, Հայաստանը երբեք չի խոսել զիջումների մասին և չի հրաժարվի իր սկզբունքներից ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: «Այդ սկզբունքները վաղուց են հնչել. Ղարաբաղը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում, ԼՂ անվտանգությունը պետք է հուսալի պաշտպանված լինի, և Ղարաբաղը պետք է Հայաստանի հետ ցամաքային սահման ունենա»,- ասել է նա:

Մայիսի 26-ին ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահներ Դմիտրի Մեդվեդևը, Բարաք Օբաման և Նիկոլյա Սարկոզին Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին կոչ են արել «քաղաքական կամք դրսևորել և հունիսին կայանալիք հայ-ադրբեջանական գագաթաժողովի ընթացքում ավարտել (Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման) հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքները»: Հետագա երկարաձգումը միայն հարցականի տակ կդնի կողմերի հավատարմությունը պայմանավորվածությունների ձեռքբերմանը»,- ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների նախագահների համատեղ հայտարարության մեջ, որն ընդունվել է ֆրանսիական Դովիլ քաղաքում կայացած «Մեծ ութնյակի» գագաթաժողովի ժամանակ: