21 հունիսի 2011 - 15:47 AMT
Վահան Արծրունի. Մշակույթի նախարարությունը պետք է զբաղվի մշակույթով

Երաժիշտ Վահան Արծրունին գտնում է, որ ՀՀ մշակույթի նախարարությունը զբաղվում է ոչ թե մշակույթով, այլ բյուջե բաշխելով: Ինչպես լրագրողներին հայտնեց երաժիշտը, Հայաստաում 20 տարիների ընթացքում չի ընդունվել որևէ հստակ օրենք մշակույթի վերաբերյալ: Ըստ նրա, գործը պետք չէ հասներ նրան, որ երաժշտրավեստի մասին խոսելիս մարդիկ անդրադառնան ռաբիզին: «Երգիչներն իրենց գովազդելով բարձրացնում են իրենց վարկանիշը ոչ թե համերգների, այլ իրենց ռեստորանային ելույթների համար»,- ասաց Արծրունին: Ինչ վերաբերում է երաժշտական շուկայում առաջարկ-պահանջարկ հասկացողությանը, ապա ըստ նրա, դա պետք է դուրս չգա տնտեսական հարթությունից և մտնի արվեստ: Սակայն նա կարծում է, որ արվեստագետին պետք է ազատել հարկերից կամ կրճատել, ինչի հետևանքով արվեստագետը կարող է ֆանտաստիկ հաջողության հասնել: «Հայաստանում որպեսզի երաժիշտը կարողանա համերգներ տալ, նա պետք է լինի նաև անհատ ձեռներեց, որովհետև դահլիճի վարձակալության և հարկերի արդյունքում նա մինուսով է դուրս գալիս», հավելեց Արծրունին:

Իր հերթին կոմպոզիտոր Արամ Սաթյանը գտնում է, որ ռաբիզ երաժշտությունը հիմա պակասում է, և ավելանում է ավելի որակյալ երաժշտություն լսողների թիվը: Ըստ նրա, անհրաժեշտ է պետական քաղաքականություն, որով կապահովվի արվեստագետը: Արամ Սաթյանի խոսքով, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը և գրող Ռազմիկ Դավոյանը, լինելով ԱԺ պատգամավորներ, անտարբեր են եղել մշակույթի նկատմամբ և արվեստի մասին օրենք չեն առաջարկել նիստերում: