21 հունիսի 2011 - 15:53 AMT
Երևանն առաջիկայում կարող է զրկվել քաղցրահամ ջրից

Երևանն առաջիկայում կարող է զրկվել քաղցրահամ ջրից: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է երկրաբանական գիտությունների թեկնածու Ռուբեն Յադոյանը: Ըստ նրա, Կապուտանի հանքավայրի հարևանությամբ են գտնվում խմելու ջրի աղբյուրները, որոնց միջոցով է իրականացվում քաղաքի ջրամատակարարումը: «Հանքավայրի շահագործման արդյունքում աղբյուրները կարող են անհետանալ, ջրի որակը կարող է փչանալ»,-ասել է փորձագետը: Նա նշել է, որ ոչ մի կազմակերպություն չի ստանձնի այդ աղբյուրները փրկելու գործը մեծ ծախսերի պատճառով: «Եվ ես չեմ պատկերացնում, թե ինչպես պետք է շահագործվի հանքավայրը, որպեսզի աղբյուրները չվնասվեն: Բնապահպանական տեսակետից քաղցրահամ ջրի կորստից սարսափելի բան չկա»,-ասել է նա:

Ընդ որում, նա նշել է, որ շուտով ջուրը նավթից թանկ է լինելու: «Մի քանի տարուց երկրները պայքարելու են ոչ թե նավթի, այլ ջրի համար և մենք պետք է պահպանենք մեր աղբյուրները»,-նշել է նա: