21 հունիսի 2011 - 17:37 AMT
Աղբահանության մասին նոր օրենքով վճարը կգանձվի ըստ բնակիչների քանակի կամ էլ ըստ բնակարանի քառակուսի մետրի

ՀՀ Ազգային ժողովն արտահերթ նստաշրջանում առաջին ընթերցմամբ քննարկեց «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի նախագիծը: Ներկայացնելով օրենքի նախագիծը` Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը հայտարարեց, որ օրենքի ընդունումը հնարավորություն կտա հաստատել երկրում սանիտարական մաքրման ու աղբահանության այնպիսի կանոններ, ինչպիսիք գործում են քաղաքակիրթ երկրներում:

Օրենքի 14-րդ հոդվածով սահմանվում է աղբահանության վճարման դրույքի չափը: Համաձայն սույն հոդվածի` կենցաղային աղբի համար դրույքաչափը սահմանվում է 2 ձևով ` ըստ հաշվառված անձանց քանակի, ըստ որի բնակարանում հաշվառված յուրաքանչյուր բնակչի համար սահմանվում է առավելագույնը ամսական 400 դրամ վճար, կամ ըստ բնակելի շինության, բնակարանի ընդհանուր մակերեսի (մեկ քառակուսի մետրի դիմաց առավելագույնը 25 դրամ):

Հիմնական զեկուցողն առաջարկեց օրինագիծը քննարկել նաև երկրորդ ընթերցմամբ: