ՆԱՏՕ-ն չափազանց երախտապարտ է Հայաստանին հայ խաղաղապահների քանակի ավելացման համար

ՆԱՏՕ-ն չափազանց երախտապարտ է Հայաստանին հայ խաղաղապահների քանակի ավելացման համար

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ն չափազանց երախտապարտ է Հայաստանին անվտանգությանն աջակցության միջազգային ուժերի (ISAF) շրջանակում Աֆղանստանում հայ խաղաղապահների ծառայության ժամկետի երկարացման և թվաքանակի ավելացման մասին որոշման համար: Այդ մասին Երևան-Բրյուսել հեռուստակամրջի ժամանակ հայտնել է ՆԱՏՕ-ի` հանրային դիվանագիտության հարցերի գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ստեֆանի Բաբստը:

Նրա խոսքով, Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև հարաբերությունները զարգանում են Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակում, և Ալյանսը շահագրգռված է Հայաստանի հետ գործընկերական հարաբերությունների խորացման հարցում: Բացի դրանից, Ստեֆանի Բաբստը նշել է, որ Ալյանսն ու Հայաստանը համագործակցում են ոչ միայն պաշտպանական բարեփոխումների, այլև ահաբեկչության դեմ պայքարի և տարերային աղետներին դիմակայելու ասպարեզում:

ՀՀ պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը հաղորդել է, որ Հայաստանի զինված ուժերի ռազմական խումբը` բաղկացած 81 խաղաղապահից, նախօրեին տեղակայվել է Աֆղանստանում` Մազարի Շարիֆի հենակետում, և արդեն ձեռնամուխ է եղել իր պարտականությունների կատարմանը:

Հայաստանի խորհրդարանը մայիսի 11-ին վավերացրեց Աֆղանստանում խաղաղապահների թվաքանակի ավելացման և Անվտանգությանն աջակցության միջազգային ուժերի կազմում նրանց տեղակայման ժամկետի երկարացման մասին պայմանագիրը: Պայմանագրի համաձայն, հայ խաղաղապահների քանակը կկազմի 130 նախկին 45 խաղաղապահի փոխարեն:

Ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը խորհրդարանում հայտարարել էր, որ հայ խաղաղապահների թվաքանակի ավելացումն Աֆղանստանում ու տեղակայման ժամկետների երկարացումը բխում է Հայաստանի շահերից և նպաստում է համագործակցությանը ՆԱՏՕ-ի հետ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---