Հայաստանն ու Իտալիան զարգացնում են և հոգևոր, և մշակութային կապերը

Հայաստանն ու Իտալիան զարգացնում են և հոգևոր, և մշակութային կապերը

PanARMENIAN.Net - Հունիսի 21-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստան ժամանած Մշակույթի պապական խորհրդի, Կաթոլիկ Եկեղեցու մշակութային ժառանգության և սրբազան հնեագիտության հանձնաժողովների նախագահ կարդինալ Ջանֆրանկո Ռավասիին` ուղեկցությամբ Անդրկովկասում պապական նվիրակ Կլաուդիո արքեպիսկոպոս Գուջերոտիի:

Հանդիպման ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձավ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և Վատիկանի միջև ձևավորված սերտ և ջերմ հարաբերություններին ու համագործակցությանը` ընդգծելով, որ նման փոխայցերով նորոգվում և զորանում են երկու Եկեղեցիների կապերը: Նորին Սրբությունն արդյունավոր օրեր մաղթեց կարդինալ Ռավասիին Հայաստանում` վստահություն հայտնելով, որ այցի ընթացքում ՀՀ Մշակույթի նախարարության հետ նոր համագործակցություն կձևավորվի և կյանքի կկոչվեն համատեղ զանազան ծրագրեր:

Իր հերթին Մշակույթի պապական խորհրդի նախագահը կարևորեց այցը Հայաստան, որն սկսվում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընդունելությամբ, ապա անդրադարձավ հայ մշակույթի հետ իր ունեցած շփումներին:

Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու կարդինալ Ջանֆրանկո Ռավասին անդրադարձան նաև Եկեղեցիների առջև ծառացած տարբեր մարտահրավերներին: Նորին Սրբությունը կարդինալի միջոցով իր եղբայրական սերն ու ողջույնները փոխանցեց Հռոմի Բենեդիկտ ԺԶ պապին:

Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---