22 հունիսի 2011 - 14:20 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Երևանում ներկայացվեցին Կիլիկիայի կոտորածների մասին պատմող բացառիկ գրքեր

Հունիսի 22-ին Հայոց ցեղասպանության թանգարանում (ՀՑԹԻ) տեղի ունեցավ ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գործադիր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի աջակցությամբ հրատարակված Ժորժ Բրեզոլ. «Այստեղով թուրքերն են անցել...» (ֆրանսերեն), Ֆերիման Դաքետ. «Երիտթուրքերն և Հոլոքոստը Ադանայում» (անգլերեն), Ա. Ադոսիդես. «Հայեր և երիտթուրքեր. Կիլիկիայի կոտորածները» (ֆրանսերեն) գրքերի շնորհանդեսը:

Գրքերում ներառված են 1909թ. Ադանայի կոտորածների մասին կարևոր օտար սկզբնաղբյուրների հիշատակություններ: Շնորհանդեսի ժամանակ ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը նշեց, որ վերը նշված բացառիկ գրքերը կներկայացվեն 2012 թվականին, երբ Երևանը լինի գրքի միջազգային մայրաքաղաք` «Գիրքը որպես ցեղասպանության վկայարան» ցուցադրության ժամանակ (մեկնարկը` 2012թ. ապրիլի 23-ին): Բացի դրանից, հանրությանը ներկայացվեցին թանգարանի և ընկերության կողմից համատեղ ձեռք բերած նոր արժեքավոր թանգարանային միավորներ, այդ թվում` Արևմտյան Հայաստանի պատկերներով և հայկական թեմաներով հնատիպ բացիկների հավաքածու, մինչև Ցեղասպանությունը արևմտահայ կյանքին առնչվող իրեր, նամակներ, նամականիշներ, հայկական հայտնի ընտանիքների լուսանկարներ, հազվագյուտ աղբյուրագիտական նշանակության գրականություն և այլն: Ռալֆ Յիրիկյանն էլ իր հերթին ավելացրեց, որ նմուշների ձեռքբերումը պայքար է Ցեղասպանության միջազգային ճանաչման համար և հետագայում էլ ամեն ինչ կարվի, նորանոր փաստեր ձեռք բերելով արդարության հասնելու համար:

Միջոցառման շրջանակներում ՀՑԹԻ տնօրենը Ռալֆ Յիրիկյանին թանգարանի ոսկե մեդալ հանձնեց:

ՖՈՏՈՇԱՐՔ