22 հունիսի 2011 - 15:38 AMT
ՀՅԴ Արցախի կենտկոմը կոչ է անում միջնորդներին զերծ մնալ ԼՂ-ում խաղաղությունը խաթարող քայլերից

ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեն սույն թվականի հունիսի 24-ին ղարաբաղա- ադրբեջանական հակամարտության հարցով Ռուսաստանի Դաշնության նախագահի միջնորդությամբ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության նախագահների` Կազանում կայանալիք հանդիպման առիթով հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ. «ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեն գնահատում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունում խաղաղության պահպանման գործընթացում, ողջունում է բանակցային գործընթացում կողմերին առաջարկված միջազգային իրավունքի երեք հիմնարար սկզբունքները` ուժի չկիրառումը, ինքնորոշման իրավունքը և տարածքային ամբողջականությունը, և բացառում այդ երեք սկզբունքների հիման վրա որևէ քայլի ճշտում` առանց ԼՂՀ-ին բանակցային գործընթացում ուղղակի ներգրավման: Այն տեղեկացված է Մինսկի խմբի համանախագահների միջոցով ԵԱՀԿ-ին փոխանցված ԼՂՀ պաշտոնական դիրքորոշումներին, գիտակցում է, որ փաստացի (դե ֆակտո) կայացած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչմամբ` որպես ինքնուրույն և անկախ պետություն, տարածաշրջանում կհաստատվի կայուն խաղաղություն, որը փաստվեց Կոսովոյի, Աբխազիայի և Հարավային Օսեթիայի միջազգային ճանաչմամբ, հավատացած է, որ ԼՂՀ ժողովուրդը ինչպես աշխարհի բոլոր ժողովուրդները, իրավունք ունի ինքնուրույն տնoրինելու իր ճակատագիրը և իր երկրի ապագան:

ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեն վերոնշյալ բոլոր հիմնավորումներից ելնելով՝ վերահաստատում է իր վճռականությունը արցախյան ազատագրական պայքարը վերջնական հանգրվանին հասցնելու համար, կոչ է անում համանախագահներին ու միջնորդական առաքելություն իրականացնող բոլոր կողմերին` զերծ մնալ ստեղծված հավասարակշռությունը և խաղաղությունը խաթարող քայլերից»: