22 հունիսի 2011 - 16:42 AMT
Հայաստանի ղեկավարը ԵԽԽՎ-ում. Ադրբեջանում տիրող ռասիզմը Հայաստանին շատ է անհանգստացնում

Հայաստանի համար ամենակարևոր հարցը շարունակում է մնալ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ և արդարացի կարգավորումը: Այդ մասին այսօր` հունիսի 22-ին հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցի շրջանակներում Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստին ելույթի ժամանակ: «Բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, և մենք շնորհակալ ենք համանախագահ երկրներին դրսևորած ջանքերի համար: Շատ կարևոր է, որ այդ երկրների նախագահներն անձամբ են զբաղվում կարգավորման հեռանկարներով: Դա, անշուշտ, մեծ հույս է ներշնչում»,- նշել է Հայաստանի նախագահը:

Նրա խոսքով, կարևորագույնը, որ տալիս է Եվրոպայի խորհուրդը և պետք է տա այդ հարցում հանդուրժողականության արմատավորումն է: «Այս տեսանկյունից մենք ցավով և անհանգստությամբ ենք արձանագրում, որ Եվրոպայի խորհրդի տարածքում դեռ կան ռասիզմի և անհանդուրժողականության օջախներ»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը:

Նախագահը հիշեցրեց վեհաժողովի մասնակիցներին, որ ընդամենը վերջերս` Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի` Ադրբեջանի վերաբերյալ հերթական զեկույցը կրկին հաստատեց հայատյացության ու ռասիզմի այն ծայրահեղ աստիճանը, որը տիրում է այդ երկրում: «Սա մեզ համար ցավալի է, որովհետև դժվար է պատկերացնել, որ Եվրոպայի խորհրդի անդամ երկրում կարող է լինել նման իրավիճակ: Ցավալի է, քանի որ հստակ պատկերացնում ենք, որ անհանդուրժողականության այդ թույնը ամենամեծ հարվածը հասցնում է հենց թույնը կրող հասարակությանը: Բայց սա մեզ նաև անհանգստության տեղիք է տալիս, քանի որ՝Ադրբեջանը մեր անմիջական հարևանն է, քանի որ մեր անմիջական հարևանությամբ է դեռևս չլուծված մնում ղարաբաղյան հակամարտությունը, քանի որ մենք կարևորում ենք հակամարտության կարգավորման գործընթացում առաջ շարժվելու անհրաժեշտությունը»,- նշել է Հայաստաղնի ղեկավարը: