Հայկական կողմը ղարաբաղյան կարգավորման հարցում առաջընթացի ակնկալիքով է մեկնելու Կազան

Հայկական կողմը ղարաբաղյան կարգավորման հարցում առաջընթացի ակնկալիքով է մեկնելու Կազան

PanARMENIAN.Net - «Երկու օրից տեղի կունենա Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի Նախագահների եռակողմ հանդիպումը, որի նախօրեին համանախագահ երկրները ներդրել են բոլոր ջանքերը, որպեսզի վերջնականապես ամրագրվեն հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքները»,- ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ ունենալով ԵԽԽՎ-ի լիագումար նիստում հունիսի 22-ին: «Մենք խոսում ենք փոխզիջումների ճանապարհով հարցը լուծելու մասին: Բայց մեր դեպքում ստացվում է, որ զիջում պետք է կատարենք նրան, ով սպասում է մեզ վրա կրակելու հարմար առիթի: Նման իրավիճակում շատ բարդ կլինի որևէ մեկի համար Հայաստանի հանրությանը, Ղարաբաղի հանրությանը` դարեր շարունակ այնտեղ բնակվող բնիկ հայ ժողովրդին, համոզել, որ անհրաժեշտություն է ինչ-ինչ զիջումներ անել մի երկրի, որտեղ հայի նկատմամբ կա նման անհանդուրժողականություն և կան ծայրահեղ ռասիստական տրամադրություններ»,- նշել է նա:

Նրա խոսքով, անգամ այս պայմաններում հայկական կողմը, կարևորելով տարածաշրջանային կայունությունն ու զարգացումը, Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանում մեծացող սերնդի անվտանգ ապագայի խնդիրը, ցուցաբերելով բարի կամք և կառուցողականություն, առաջընթացի ակնկալիքով է մեկնելու Կազան: «Բայց իհարկե բոլորս պիտի հասկանանք, որ վերջնական պայմանավորվածությունների ձեռքբերումն ու դրանց լիարժեք իրականացումը հնարավոր է միայն, երբ վերանան հայատյացության ու ռասիզմի դրսևորումները Ադրբեջանում, և ձևավորվի վստահության մթնոլորտ: Բնականաբար, չի կարող հարցականի տակ դրվել Ղարաբաղի ժողովրդի` ազատ և անվտանգ ապրելու, իր հողի վրա սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու` ի վերուստ տրված իրավունքը»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---