22 հունիսի 2011 - 17:31 AMT
Սերժ Սարգսյան. Հայաստանը պատրաստ է հայ-թուրքական խնդիրները չթողնել հաջորդ սերունդներին

«Բեռլինյան պատի անկումը ազդարարեց Եվրոպայում բաժանարար գծերի վերացումը: Ցավոք, դրանից քսան տարի անց մեր լեռնային տարածաշրջանը դեռևս սպասում է իր բաժանարար գծերի վերացմանը», - ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ ունենալով ԵԽԽՎ-ի լիագումար նիստում հունիսի 22-ին::

«Երկու տարի առաջ մենք նախաձեռնեցինք Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը, որը թույլ կտար դիվանագիտական հարաբերությունների հաստատման և սահմանները բացելու միջոցով հետզհետե վերացնել մոտ հարյուր տարի գոյություն ունեցող անջրպետը», - լսարանին հիշեցրել է նախագահը: Նա նշել է, որ ցավում է, որ անգամ Եվրոպայի սատարման պայմաններում, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը մտավ փակուղի:

«Պատճառը մեկն էր. Թուրքիան վերադարձավ նախապայմանների առաջադրման իր գործելաոճին, չհարգեց ստանձնած պարտավորությունները, ինչը անհնարին դարձրեց ստորագրված արձանագրությունների վավերացումը: Չեմ կարող կանխատեսել, թե հիասթափության և անվստահության պատին դեմ առնելուց հետո, այլևս երբ կբացվի հնարավորության պատուհանը: Ցավով եմ ասում, բայց սա է իրականությունը:

Կարևոր եմ համարում ևս մեկ անգամ ընդգծել, որ Հայաստանը նախաձեռնեց գործընթացը բարի նպատակներով` անսալով ազգերի և պետությունների խաղաղ գոյակցության 21-րդ դարի հրամայականին: Եվ դա այն պայմաններում, երբ Օսմանյան կայսրությունում 1915 թվականին հայերի նկատմամբ իրագործած ցեղասպանությունը Թուրքիան առ այսօր ոչ միայն չի ճանաչել, այլև իրականացնում է բացահայտ ժխտման քաղաքականություն: Մինչդեռ համայն հայությունը սպասում է համարժեք գնահատականի, և այդ նպատակով այսուհետ ևս մեր ջանքերը` անխոնջ ջանքերը, լիահույս եմ` նաև մարդկության դեմ հանցագործություններով մտահոգվածների ջանքերը, ուղղված կլինեն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը:

Այդուհանդերձ, մենք պատրաստ ենք խնդիրները հաջորդ սերունդներին չթողնել: Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը կարևոր է ոչ միայն հայերի և թուրքերի համար, այլև տարածաշրջանում, կարծում եմ նաև ողջ Եվրոպայում խաղաղության, կայունության և համագործակցության մթնոլորտի հաստատման առումով: Հայաստանի անօրինական շրջափակմանը պետք է վերջ դրվի»,- ասել է Հայաստանի ղեկավարը: