22 հունիսի 2011 - 17:43 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Գ. Պողոսյան. ՀՀԿ-ն ու «Բարգավաճ Հայաստանը» առաջատար են խորհրդարանական ընտրությունների մասին սոցհարցումներում

Հայաստանի Հանրապետական կուսակցությունն (ՀՀԿ) ու նրա կոալիցիոն գործընկերը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն առաջատար դիրքեր են զբաղեցնում Երևանի բնակիչների շրջանում առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասին անցկացված հարցումներում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ Գևորգ Պողոսյանը: Ըստ նրա, այն հարցին, թե «ում օգտին կքվեարկեիք ԱԺ հաջորդ ընտրություններում, եթե ընտրությունները տեղի ունենային հաջորդ կիրակի օրը», 26,7 տոկոսը պատասխանել է՝ ՀՀԿ-ի, իսկ 18,7 տոկոսը՝ «ԲՀԿ»-ի: Նրանց հաջորդում է Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ)՝ 7,7 տոկոսով, ՀՅԴ-ն՝ 7,4 տոկոսով, «Ժառանգությունը»՝ 6,2 տոկոսով, «Ժողովրդական կուսակցությունը»՝ 4,6 տոկոսով և «Օրինաց երկիրը»՝ 4,1 տոկոսով, իսկ 22-23 տոկոսը հայտարարել է, որ ոչ ոքի օգտին չի քվեարկելու: Պողոսյանը նշել է, որ ընտրություններից մի քանի ամիս առաջ սոցհարցումների արդյունքները հետաքրքրություն են ներկայացնում միայն մասնագետների ու կուսակցությունների համար, սակայն, հանրությանը դրանք հետաքրքիր չեն, քանի որ հանրային տրամադրությունները կարող են էապես փոխվել մինչ ընտրությունները: Նա նաև նշել է, ոչ հարցման ենթարկված տարեց մարդկանց 40-50 տոկոսը հայտարարել է, որ սատարում է «Ժողովրդական կուսակցությանը», «Ժառանագությանն» ու ՀԱԿ-ին: Մինչդեռ հարցման ենթարկված երիտասարդների 31 տոկոսը հայտարարել է, որ աջակցում է Դաշնակցությանը, որին սատարել է տարեցների միայն 17,2 տոկոսը: Հարցմանը մասնակցել է Երևանի 600 բնակիչ, ըստ սոցիոլոգի, ճշգրտությունը կազմում է ±3 տոկոս:

Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան 2012 թվականին:

ՖՈՏՈՇԱՐՔ