22 հունիսի 2011 - 19:19 AMT
Էդվարդ Նալբանդյանը Չավուշողլուի խոսքերը հայ-թուրքական գործընթացի մասին «պարզունակ աղավաղում» է անվանել

Էդվարդ Նալբանդյանը պարզունակ աղավաղում է համարում ԵԽԽՎ նախագահ Մեվլութ Չավուշողլուի այն հայտարարությունը, թե «հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կապված է ղարաբաղյան խնդրի կարգավորման հետ եւ այդ մասին իբր թե բանավոր համաձայնություն է եղել Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ, ինչը նաեւ հաստատվել է այլ երկրների արտգործնախարարների, մասնավորապես` Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Ռուսաստանի, արտգործնախարարների եւ ԱՄՆ-ի պետքարտուղարի կողմից»: Այդ մասին Հայաստանի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է Ստրասբուրգում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ: «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսվել եւ ընթացել է այն փոխըմբռնմամբ, այն փոխհասկացուղությամբ, որ այդ կարգավորումը պետք է լինի առանց նախապայմանների եւ հենց այդ պատճառով ստորագրված արձանագրություններում չկա որեւէ նախապայման»,- ընդգծել է նախարարը:

Նա հիշեցրել է, որ Արձանագրությունների ստորագրմանը ներկա բոլոր արտգործնախարարները բազմիցս կոչ են արել առանց նախապայմանների վավերացնել եւ իրագործել պայմանավորվածությունները: «Հիշեցնեմ նաեւ պետքարտուղար Քլինթոնի հայտարարությունն առ այն, որ Հայաստանն իր ճանապարհն անցել է, գնդակը գտնվում է Թուրքիայի դաշտում, որը եւ պետք է կատարի իր ստանձնած պարտավորությունները: Այնպես որ չեմ կարծում, թե տեղին է ապարդյուն փորձեր կատարել պատասխանատվությունը այլ կողմի վրա դնելու իմաստով»,- ամփոփել է Նալբանդյանը:

Հայաստանի արտգործնախարարը նաև անդրադարձել է Չավուշողլուի մեկ այլ հայտարարության, թե «ղարաբաղի հարցը եւ հայ-թուրքական հարաբերությունները իրականում կապված են Կազանի հանդիպման արդյունքների հետ»: «Իհարկե թուրքական կողմը պետք է որոշի, թե ինչ է ուզում անել, բայց գիտեք ինչ, եթե խոսենք նախապայմանների լեզվով, ես անմիջապես Ցյուրիխից հետո, երբ որ թուրքական կողմը վերադարձավ նախապայմանների լեզվին, ասացի, որ եթե խոսենք նախապայմանների լեզվով, ապա Հայաստանը ոչ պակաս, առավել հիմնավորված նախապայմաններ կարող է ունենալ»,- փաստել է Նալբանդյանը: