22 հունիսի 2011 - 20:00 AMT
Գիտատեխնիկական խորհուրդը քննարկել է գյուղատնտեսության մեքենայացման և մեքենաշինության հիմնախնդիրները

Հունիսի 22-ին Հայաստանի կառավարությունում տեղի է ունեցել Գիտատեխնիկական խորհրդի երրորդ նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը: Ինչպես հաղորդում է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, նիստում ներկայացվել է «Արիակ» ՓԲԸ ընդլայնման ծրագիրը: Ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, որի ընթացքում խորհրդի անդամները կարծիքներ են հայտնել ծրագրի վերաբերյալ:

Արծարծվել են նաև Հայաստանում գյուղատնտեսության մեքենայացման և մեքենաշինության հիմնախնդիրները: Հարցի առնչությամբ կառավարության ղեկավարն առաջարկել է քննարկում կազմակերպել շահագրգիռ բոլոր մարմինների և կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Ի թիվս օրակարգային այլ հարցերի, անդրադարձ է եղել առաջիկա նիստում քննարկվելիք հարցերին: Մասնավորապես, օրակարգային է համարվել ՀՀ-ում փոքր և միջին քիմիայի զարգացման ծրագրի և կենսատեխնոլոգիայի զարգացման հեռանկարների քննարկումը: