22 հունիսի 2011 - 20:55 AMT
Ջոն Պրեսկոտը Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առաջընթաց է տեսնում

Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 22-ին հանդիպումներ է ունեցել ԵԽ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը, ԵԽԽՎ նախագահ Մեվլուդ Չավուշօղլուի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը կարևորել է եվրոպական կառույցների, այդ թվում` ԵԽԽՎ-ի հետ Հայաստանի համագործակցությունը:

Հանրապետության ղեկավարը Ստրասբուրգում հանդիպում է ունեցել նաև ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների, խոսքի ազատության, օրենքի գերակայության ամրապնդմանն ուղղված հարցեր:

Ջոն Պրեսկոտը նշել է, որ ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության առումով Հայաստանում մեծ առաջընթաց կա, ինչը ՀՀ իշխանությունների հաստատակամության և այդ ուղղությամբ ներդրած ջանքերի արդյունք է:

Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել նաև Եվրախորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի հետ: Մարդու իրավունքների հանձնակատարը բարձր է գնահատել Եվրախորհրդի կառույցների հետ Հայաստանի համագործակցությունը` ընդգծելով, որ Եվրախորհրդում Հայաստանն այլ երկրներին ներկայացնում են իբրև օրինակ, թե ինչպես ԵԽ կառույցների հետ կառուցողական աշխատանքով կարելի է հասնել նշանակալի արդյունքների:

Ստրասբուրգում ՀՀ նախագահը նաև այցելել է հայ լուսանկարիչ Կարեն Միրզոյանի «Ճանապարհներ» լուսանկարների ցուցահանդես, որը բացվել է հունիսի 20-ին Եվրախորհրդում` ԵԽԽՎ ամառային նստաշրջանի բացման և Եվրախորհրդին Հայաստանի անդամակցության 10-ամյակի կապակցությամբ: