23 հունիսի 2011 - 16:54 AMT
Արդեն հոգեբաններն են անհանգստանում հայ երգարվեստի համար

Երգահան Սասուն Պասկևիչյանը և հոգեբան Կարինե Նալչաջյանը գտնում են, որ ներկայիս հայ երգարվեստը «հիվանդ է և բուժման կարիք ունի»: Ըստ Պասկևիչյանի, երգարվեստի հարցը ազգային անվտանգության հարց է և շտապ լուծման կարիք ունի: Որպես հարցի լուծման մեթոդ, 25 տարի ԱՄՆ-ում ապրած Պասկևիչյանն առաջարկում է իր ծառայությունները, սակայն կոնկրետ ինչ պաշտոնում կամ կարգավիճակում, չի մանրամասնում, միայն շեշտում է երգարվեստի վերահսկման մասին:

Իր հերթին Նալչաջյանը շեշտում է, որ ազգերը վերանում են, երբ կորցնում են ազգային հատկանիշները: Ազգային երգը այդ ցուցիչներից մեկն է: Երբ հիվանդանում է մշակույթը, հիվանդանում է նաև ազգը: «Առաջին հայացքից հեշտ է թվում այդ խնդրի լուծումը: Թվում է, թե փոխելով ռադիոալիքը, կարող ենք չլսել և վերջ: Սակայն մեր երեխաները չեն գիտակցում դա և լսում են ինչ պատահի: Պրիմիտիվը շատ հեշտ է մատուցել և երեխաներին դրանով գայթակղեցնել»,- ասում է Նալչաջյանը: Հոգեբանը որպես հարցի լուծում գտնում է երաժշտության ֆիլտրացիայի մեջ, երբ յուրաքանչյուր երգ համապատասխան մասնագետների որոշումից հետո կմտնի եթեր կամ ոչ: