24 հունիսի 2011 - 12:09 AMT
«Կոմերսանտ». Կազանում ստորագրման է պատրաստ Ղարաբաղի վերաբերյալ «ճանապարհային քարտեզը»

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը Կազանում, որն անցնելու է ՌԴ նախագահի հովանու ներքո, կարող է բեկումնային լինել ղարաբաղյան կարգավորման համար: Ինչպես գրում է «Կոմերսանտ» թերթը, ստորագրման է պատրաստվել խնդրի «ճանապարհային քարտեզը» պարունակող փաստաթուղթ:

Ըստ թերթի, փաստաթղթի հիմքում կլինեն 2007թ. ԵԱՀԿ մադրիդյան խորհրդաժողովում համաձայնեցված այն սկզբունքները, որոնք Բաքուն ու Երևանը հետագայում մերժեցին:

«Մենք դեռ երբեք այսքան մոտ չենք եղել հաջողությանը»,-թերթին է խոստովանել բանակցությունների նախապատրաստմանը մասնակցած դիվանագետը: Ինչպես «Կոմերսանտին» է պատմել արևմտյան դիվանագիտական շրջանակների ներկայացուցիչը, համաձայնագրի բուն էությունը նրանում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն առանց վերապահումների ընդունեն Մադրիդյան սկզբունքները: Ըստ թերթի զրուցակցի, մինչև վերջերս Բաքուն ու Երևանը ընդունում էին սկզբունքների մի մասը և միայն այժմ հաջողվեց նրանց համոզել ամբողջությամբ ընդունել այդ սկզբունքները: Ըստ աղբյուրի ՌԴ ԱԳՆ-ում, վճռական քայլը կատարվեց մարտին Սոչիում կայացած Մեդվեդևի, Ալիևի ու Սարգսյանի հանդիպմանը:

«Բաքուն ու Երևանը սկզբունքորեն պատրաստ են ստորագրել փաստաթուղթը: Սակայն, վերջնական որոշումն ու ձևակերպումները կհաստատվեն անմիջապես Կազանում, այնպես որ անսպասելի դժվարություններից մենք ապահովագրված չենք»,-ասել է բարձրաստիճան աղբյուրը:

Իսկ արևմտյան միջնորդների թվից թերթի զրուցակիցները զգուշացնում են, որ արդեն ձեռք բերված պայմանավորվածությունները կարող են ձախողվել «Լեռնային Ղարաբաղում ցանկացած սադրանքի դեպքում»: «Եթե հանդիպումից մի քանի ժամ առաջ կամ դրանից հետո կրակոցներ հնչեն և որևէ մեկը զոհվի, պայմանավորվածությունների վրա կարելի կլինի խաչ քաշել: Այդպես արդեն եղել է մարտին Սոչիում. կողմերը կարծես թե պայմանավորվեցին, սակայն հետո փոխհրաձգությունը սահմանում ամեն ինչ ի չիք դարձրեց»,-ասել է աղբյուրը: