24 հունիսի 2011 - 14:17 AMT
Թմրամոլների 5-10 տոկոսը, բուժվելով նարկոլոգիական կենտրոնում, ապրում է նորմալ կյանքով

«Թմրամոլների 5-10 տոկոսը, որոնք բուժման են ենթարկվել նարկոլոգիական կենտրոնում, հետագայում ապրում են նորմալ կյանքով»,- մամլո ասուլիսում հայտարարել է «Հարավային Կովկասի սահմանների համալիր կառավարում» ծրագրի ղեկավար Գրիգոր Մալենցյանը: Ըստ նրա, թմրամոլությունը հարկավոր է դիտարկել որպես քրոնիկական հիվանդություն, որն անհրաժեշտ է բուժել զգուշորեն ու հոգածությամբ:

Մալենցյանը հայտնել է նաև, որ ըստ 2009թ. տվյալների, նարկոլոգիական կենտրոններում բուժվել է 257 մարդ, իսկ 2010թ.՝ 359: «Հարկ է նշել, որ բուժվողների քանակը զգալիորեն աճել է: 2002թ. նարկոլոգիական կենտրոններում բուժվել է ընդամենը 22 մարդ»,-ասել է նա:

Գրրգոր Մալենցյանը նշել է, որ թմրամոլության տարածումը կանխելու նպատակով Հայաստանի պետական կառույցներն ու հասարակական կազմակերպությունները մի շարք միջոցառումներ են անցկացնում տարիքային տարբեր խմբերի մարդկանց շրջանում, սկսած դպրոցականներից: