24 հունիսի 2011 - 18:01 AMT
Կազանում «ճանապարհային քարտեզ» չի ստորագրվի, վստահ են Ղարաբաղում

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կասկածում են, որ Կազանում կայանալիք եռակողմ հանդիպմանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ «ճանապարհային քարտեզի» շուրջ պայմանավորվածություն ձեռք կբերվի: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ փաստաթղթի ստորագրման համար ոչ մի օբյեկտիվ նախադրյալներ չկան:

«Փաստաթղթի ստորագրման համար շատ ժամանակ է հարկավոր, հատկապես եթե հաշվի առնենք, որ Ադրբեջանը դժվար թե կառուցողական քայլերի գնա Ղարաբաղի հարցում: Այն, ինչ այսօր առաջարկում է Ադրբեջանը, կործանարար է Արցախի համար»,- ասել է Բաբայանը:

Սակայն ԼՂՀ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը չի բացառել, որ հանդիպումից հետո կողմերը հանդես կգան բանակցային գործընթացը շարունակելու մասին հերթական հայտարարությամբ, որը փոքր-ինչ կնպաստի ընդհանուր իրադրության մեղմացմանը: Բաբայանի կարծիքով, քանի որ մոտակա տարիներին Հայաստանում, Ադրբեջանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում և Ֆրանսիայում ընտրություններ են սպասվում, ապա Ղարաբաղի հարցում կտրուկ առաջընթաց չի լինի, և ներկա իրադրությունը կպահպանվի մինչև 2014 թվականը: