Կաթողիկոս Արամ Ա-ն և Լիբանանում Ռուսաստանի դեսպանը քննարկել են իրադրությունը Սիրիայում

Կաթողիկոս Արամ Ա-ն և Լիբանանում Ռուսաստանի դեսպանը քննարկել են իրադրությունը Սիրիայում

PanARMENIAN.Net - Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն և Լիբանանում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Զասիպկինը քննարկել են Սիրիայում տեղի ունեցող քաղաքական գործընթացները:

Ինչպես հաղորդում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի մամլո դիվանը, ՌԴ դեսպանն Արամ Ա-ին տեղեկացրել է Մերձավոր Արևելքում և, մասնավորապես, Սիրիայում վերջին հուզումների կապակցությամբ Ռուսաստանի դիրքորոշման մասին: Նա ընդգծել է նաև, որ Ռուսաստանը չի կիսում Մերձավոր Արևելքի առնչությամբ ԱՄՆ կտրուկ և ռազմատենչ դիրքորոշումը: Նշվել է նաև, որ Ռուսաստանն անհրաժեշտ է համարում հավասարակշռված և իրավական մոտեցումը նման զգայուն խնդիրների նկատմամբ և կարևորում ամեն դեպքում տեղի հանգամանքները հաշվի առնելը:

Կիսելով դեսպանի տեսակետը` Կաթողիկոսն ընդգծել է Սիրիայում կայունության վերականգնման անհրաժեշտությունը: Ընդ որում, նա ողջունել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վերջին ուղերձը: «Հատկապես կարևոր է շուտափույթ լուծումներ գտնել Սիրիայի քրիստոնեական համայնքին սատարելու համար, որն առաջին հերթին կանգնել է ազգային-կրոնական խռովությունների խնդրի առջև»,- ընդգծել է Արամ Ա-ն:

Մեկ ժամ տևած զրույցում կողմերը քննարկել են Լիբանանի հետ կապված հարցեր: Մասնավորապես, կողմերին հետաքրքրում էր նոր լիբանանյան կառավարության ձևավորումը: Կիլիկիո կաթողիկոսն անդրադարձել է նաև Մերձավոր Արևելքում Ռուս Ուղղափառ և Հայ Առաքելական եկեղեցիների համագործակցությանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---