24 հունիսի 2011 - 19:48 AMT
Ճապոնիան կօգնի ստեղծել պեղված մետաղյա իրերի հետազոտման և պահպանման տարածաշրջանային կենտրոն

Հունիսի 24-ին Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Տոկիոյի մշակութային արժեքների հետազոտության ազգային ինստիտուտի միջև ՀՀ մշակույթի նախարարությունում ստորագրվեց հուշագիր, որով հիմք դրվեց մշակութային ժառանգության պահպանության գործում հայ-ճապոնական համագործակցությանը: Փաստաթուղթը ստորագրվեց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանի, Հայաստանի Պատմության թանգարանի տնօրեն Անելկա Գրիգորյանի, Տոկիոյի մշակութային արժեքների հետազոտության ազգային ինստիտուտի գլխավոր տնօրեն Նոբուո Կամեի միջև:

Հուշագրի շրջանակում կողմերը նախատեսում են իրականացնել Հայաստանի պատմության թանգարանի հնագիտական մետաղյա իրերի հետազոտության և պահպանության համատեղ ծրագիր, որը նպատակաուղղված կլինի Հայաստանում ստեղծել մետաղյա իրերի հետազոտման և պահպանման տարածաշրջանային կենտրոն: Վերը նշված հուշագրով մեկնարկող ծրագիրը, որը կիրականանա 4 փուլով, կընթանա մինչև 2014 թ: Ծրագիրը նախատեսում է ներուժի զարգացում` Հայաստանի պատմության թանգարանի մասնագետների մասնակցությամբ, գիտական վերլուծություն և պատմահնագիտական հետազոտություն, որի ընթացքում նախատեսվում է իրագործել ՀՀ տարածքում պեղված հնագիտական մետաղյա առարկաների հետազոտման և ամրակայման աշխատանքներ, առարկաների նյութերին և տեխնիկաներին վերաբերող հետազոտական գործունեություն: Ծրագրի խնդիրներից է նաև միջազգային համագործակցության ցանցի ստեղծումը: Հայ-ճապոնական համագործակցության արդյունքում կիրականացվի տարածաշրջանի հնագետների, վերականգնողների և ոլորտային այլ մասնագետների վերապատրաստում, որի արդյունքում 2014թ. տարածաշրջանում առաջին անգամ կգործի նորագույն տեխնոլոգիաներով, նյութերով զինված և փորձառու մասնագետներով հնագիտական մետաղյա իրերի հետազոտման և պահպանման կենտրոնը, տեղեկացնում է մշակույթի նախարարության կայքը: