24 հունիսի 2011 - 20:57 AMT
Երևանում բացվել է «Լավագույնը Հնդկաստանից» ցուցահանդես-վաճառքը

Հունիսի 24-ից հուլիսի 3-ը Երևանում բաց կլինի «Լավագույնը Հնդկաստանից» հնդկական ապրանքի ցուցահանդես-վաճառքը: Միջոցառումն իրականացվում է Նյու-Դելի ընկերակցության նախաձեռնությամբ` Հայաստանի Առևտրի պալատի և Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան հետ համատեղ:

Այս տարի, ինչպես և նախորդ տարի, ցուցահանդեսը բացվել է Դինամո մարզահամալիրում: Այսօր կայացավ ցուցահանդեսի պաշտոնական բացումը, որին մասնակցեց Հայաստանում Հնդկաստանի դեսպան Աչալ Կումար Մալհոտրան:

Ցուցահանդես-վաճառքին մասնակցում են ավելի քան 20 հնդկական ընկերություններ և ձեռնարկություններ, ներկայացված են զանազան ապրանքներ` ձեռքի աշխատանքներ, մանկական հագուստ, զարդեր, գորգեր և թիկնոցներ, նորաձև հագուստ, դեկորատիվ պաստառներ, տեքստիլ, կահույք, ինչպես նաև սննամթերք: