
Հունիսի 25-ին Մոսկվայում կայացավ Արևմտահայերի ներկայացուցիչների համագումարը, որին ներկա էին մոտ 100 պատվիրակներ Մոսկվայից, Սանկտ-Պետերբուրգից, Ռոստովից, Վլադիկավկազից, Սոչիից, Ադլերից, Կրասնոդարից, Օմսկից, Պետրոզավոդսկից, ինչպես նաև Ղրիմից և Աբխազիայից: Համագումարը վարում էր Կազմկոմիտեի նախագահ, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը: Համագումարի հիմնական խնդիրը Երրորդ Համագումարում Ռուսաստանից պատվիրակների ընտրություններն էր, հաղորդում է մոսկովյան «Հյուսիսափայլը»:
Համագումարը 39 պատվիրակ ընտրեց Արևմտահայերի ներկայացուցիչների Երրորդ Համագումարին, որը կկայանա 2011թ. դեկտեմբերին Փարիզում: Որպես ամփոփում՝ ընդունվեց հայտարարություն, որում, մասնավորապես, ասվում է. «Արևմտահայերի Ազգային Խորհուրդը հնարավորություն կունենա միջազգային կազմակերպություններում անմիջականորեն պաշտպանել արևմտյան հայերի ժառանգների օրինական իրավունքները, բանակցություններ վարել թուրքական իշխանությունների և այլ շահագրգռված կողմերի հետ՝ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը, դատապարտմանը, հասցված բարոյական, նյութական, տարածքային վնասի հատուցմանը հասնելու նպատակով»:
Արևմտահայերը Թուրքիայից պահանջում են ճանաչել Հայոց ցեղասպանությունն ու հատուցել տարածքային վնասը