26 հունիսի 2011 - 16:15 AMT
Արթուր Բաղդասարյան. Հայաստանը բարձր է գնահատում Իրանի դերը տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում

Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլին Հարավային Կովկասի երկրներին կոչ է արել զգոնություն դրսևորել տարածաշրջանի գործերին արտասահմանյան ուժերի միջամտության հարցում: Ինչպես հաղորդում է իրանական Press TV, այդ մասին Ջալիլին հայտնել է Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հետ հանդիպմանը:

Հիշեցնենք, որ Արթուր Բաղդասարյանն այցով Իրանում է գտնվում՝ մասնակցելու Թեհրանում կայանալիք ահաբեկչության դեմ պայքարի միջազգային խորհրդաժողովին: Հանդիպման ընթացքում իրանական բարձրաստիճան պաշտոնյան նաև կոչ է արել ամրապնդել Երևանի և Թեհրանի միջև համագործակցությունը՝ հայտնելով, որ տարածաշրջանը խաղաղության, անվտանգության և տնտեսական զարգացման կարիք ունի: Արթուր Բաղդասարյանն իր հերթին բարձր է գնահատել Իրանի դերը տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության ամրապնդման ուղիները ոչ միայն անվտանգության, այլև տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում: Հայաստանի ԱԱԽ քարտուղարը Սայիդ Ջալիլիին հրավիրել է Հայաստան:

Իրան կատարած այցի շրջանակներում ծրագրված է նաև Արթուր Բաղդասարյանի հանդիպումը Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ: