Վերադառնալով Կազանից՝ Ալիևը կրկին պատերազմով է սպառնում Հայաստանին և Ղարաբաղին

Վերադառնալով Կազանից՝ Ալիևը կրկին պատերազմով է սպառնում Հայաստանին և Ղարաբաղին

PanARMENIAN.Net - Կազանում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից գրեթե երկու օր անց Ադրբեջանի գերագույն ղեկավարությունը կրկին հանդես է գալիս ռազմատենչ հայտարարություններով: Հունիսի 26-ին Բաքվում ելույթ ունենալով Ադրբեջանի զինված ուժերի օրվան նվիրված ռազմական շքերթից առաջ՝ երկրի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը կշարունակի ավելացնել ռազմական հզորությունը, որպեսզի վերականգնի «իր տարածքային ամբողջականությունը»:

«Ես լիովին համոզված եմ, որ մեր տարածքային ամբողջականությունը վերականգնվելու է ցանկացած ճանապարհով: Դրա համար մենք պետք է էլ ավելի ուժեղ լինենք»,- հայտնել է նա, հաղորդում է «Ինտերֆաքսը»: Ալիևը նշել է, որ եթե 2003 թվականին Ադրբեջանի ռազմական ծախսերը կազմում էին $160 մլն, 2010-ին՝ $2,150 մլրդ, ապա այս տարի այդ ցուցանիշը հասել է $3,300 միլիարդի: Ադրբեջանի նախագահը նկատել է, որ Ադրբեջանի այսօրվա ռազմական ծախսերը 50%-ով գերազանցում են Հայաստանի պետական բյուջեն: Նա ավելացրել է, որ ռազմական ծախսերն իրենց ծավալով Ադրբեջանի բյուջեում շարունակելու են առաջին տեղը զբաղեցնել այնքան ժամանակ, մինչև Հայաստանի հետ հաշտության պայմանագիր կնքվի: Հունիսի 24-ին Կազանւմ կայացավ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Բանակցություններն ավարտվեցին առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ հիմնարար սկզբունքների մասին պայմանավորվածությունների ձեռքբերման: Կողմերը համատեղ հայտարարություն ընդունեցին, որում առաջընթաց են արձանագրել այդ նպատակին հասնելու ճանապարհին: «Պետությունների ղեկավարներն արձանագրել են փոխըմբռնման ձեռքբերումն այն հարցերի շուրջ, որոնց լուծումը նպաստում է հիմնարար սկզբունքներին համաձայնելու համար պայմանների ստեղծմանը»,- ասվում է նախագահների հայտարարության մեջ: Փաստաթղթում ասվում է, որ հանդիպման մասնակիցները դիտարկել են հիմնարար սկզբունքների նախագծի համաձայնեցման նպատակով իրականացվող աշխատանքների ընթացքը:

Մայիսի 26-ին ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահներ Դմիտրի Մեդվեդևը, Բարաք Օբաման և Նիկոլյա Սարկոզին Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին կոչ են արել «քաղաքական կամք դրսևորել և հունիսին կայանալիք հայ-ադրբեջանական գագաթաժողովի ընթացքում ավարտել (Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման) հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքները»: Հետագա երկարաձգումը միայն հարցականի տակ կդնի կողմերի հավատարմությունը պայմանավորվածությունների ձեռքբերմանը»,- ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների նախագահների համատեղ հայտարարության մեջ, որն ընդունվել է ֆրանսիական Դովիլ քաղաքում կայացած «Մեծ ութնյակի» գագաթաժողովի ժամանակ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---