27 հունիսի 2011 - 11:25 AMT
Մայիսին Երևանի բազմահարկերի բնակարանները թանկացել են միջինը 0,2 տոկոսով

2011թ. մայիսին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել են 16643 գործարքներ, որոնց քանակը 2011թ. ապրիլի համեմատ աճել է 2.0%-ով, իսկ 2010թ. մայիսի համեմատ` 23.1%-ով, հայտնում է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն:

2011թ. մայիսին անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքներն, ըստ տեսակների, ունեն հետևյալ բաշխվածությունը. 2011թ. մայիսին անշարժ գույքի նկատմամբ իրականացված 4065 օտարման գործարքների 79.6%-ը կազմել են առուվաճառքները, 19.5%-ը` նվիրատվությունները և 1.0%-ը` փոխանակությունները: Անշարժ գույքի օտարման գործարքների քանակի 39.1%-ն արձանագրվել է Երևան քաղաքում, իսկ օտարված անշարժ գույքի 37.1%-ը հանդիսանում են բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանները:

2011թ. մայիսին, 2011թ. ապրիլի համեմատ, անշարժ գույքի օտարման գործարքների քանակն աճել է 1.5%-ով, իսկ 2010թ. մայիսի համեմատ` 21.7%-ով:

2011թ. մայիսին Երևան քաղաքում անշարժ գույքի առուվաճառքի գործարքների 66.2%-ն արձանագրվել է բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների նկատմամբ: Երևան քաղաքում 2011թ. մայիսին, 2011թ. ապրիլի համեմատ, բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքների քանակը նվազել է 3.9%-ով, իսկ 2010թ. մայիսի համեմատ աճել` 30.4%-ով:

Գնային ինդեքսների ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ Երևան քաղաքում 2011թ. մայիսին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, 1քմ մակերեսի հաշվարկով, շուկայական միջին գները, 2011թ. ապրիլի համեմատ, աճել են 0.2%-ով:

Մայրաքաղաքի կենտրոնում 1 քմ բնակտարածքի արժեքը մայիսին կազմել է 443 900 դրամ, Արաբկիր վարչական շրջանում՝ 342 500 դրամ, Քանաքեռ-Զեյթունում՝ 264 300 դրամ, Նոր-Նորքում՝ 226 400 դրամ, Ավանում՝ 235 500 դրամ, Էրեբունիում՝ 231 900 դրամ,. Շենգավիթում՝ 231 400 դրամ, Դավթաշենում՝ 258 200 դրամ, Աջափնյակում՝ 227 700 դրամ, Մալաթիա-Սեբաստիայում՝ 222 900 դրամ, Նուբարաշենում՝ 147 000 դրամ:

2011թ. մայիսին մարզերում վաճառվել են բազմաբնակարան բնակելի շենքերի 315 բնակարաններ, որոնց քանակը, 2011թ. ապրիլի համեմատ, աճել է 1.3%-ով, իսկ 2010թ. մայիսի համեմատ` 14.1%-ով: