27 հունիսի 2011 - 15:13 AMT
Հանրապետական պատգամավորը 20 մանդատ է կանխատեսում ՀԱԿ համար նոր խորհրդարանում

Ըստ ՀՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանի, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը կարող է 15-20 մանդատ ստանալ նոր գումարման խորհրդարանում 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքում: Հանրապետական պատգամավորը նշել է, որ մինչ խորհրդարանական ընտրությունները 7-8 ամիս է մնացել՝ հորդորելով քաղաքական ուժերին պատրաստվել հերթական ընտրություններին, ոչ թե պահանջել արտահերթ ընտրություններ:

Ինչ վերաբերում է իշխանությունների և ընդդիմության միջև երկխոսությանը, ՀՀԿ անդամը հայտարարել է, որ երկրի ղեկավարությունն ընդառաջում է ընդդիմության պահանջներին, ինչն ողջունելի է: Նա կրկին նշել է, որ աննպատակահարմար է պատվիրակություններ ձևավորել իշխանություններ-ընդդիմություն երկխոսության համար: