27 հունիսի 2011 - 15:46 AMT
«Կոմերսանտ». Մեդվեդևն այնքան հիասթափված է Կազանի հանդիպումից, որ կարող է հրաժարվել միջնորդությունից

Ռուսաստանի նախագահն այնքան հիասթափված է Կազանի գագաթաժողովի արդյունքներից, որ պատրաստ է դադարեցնել իր դիվանագիտական առաքելությունը: Այդ մասին գրում է «Կոմերսանտ» թերթը: Թերթի տեղեկատվության համաձայն, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև բանակցությունները կարող են ընթանալ առանց Դմիտրի Մեդվեդևի մասնակցությաn: «Ալիևի և Սարգսյանի հաջորդ հանդիպումը նա մտադիր է կազմակերպել միայն այն դեպքում, եթե Հայաստանի և Ադրբեջանի նախագահները վերջապես փաստաթուղթ ստորագրեն ղարաբաղյան կարգավորման սկզբունքների մասին»,- գրում է թերթը:

Համաձայն հրապարակման, Կազանի հանդիպման ձախողումը կարող է ուղղակի հետևանքներ ունենալ նաև Դմիտրի Մեդվեդևի խաղաղապահական նախաձեռնության համար, որը 2009-ի աշնանից ակտիվ զբաղվում է Ադրբեջանի և Հայաստանի հաշտեցմամբ և արդեն այդ ընթացքում կազմակերպել է 9 եռակողմ հանդիպում Ռուսաստանի տարածքում:

ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի նախագահների Կազանում կայացած գագաթաժողովն ավարտվեց առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ հիմնարար սկզբունքների մասին պայմանավորվածությունների ձեռքբերման: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, կողմերն առաջընթաց են արձանագրել այդ նպատակին հասնելու ճանապարհին: «Պետությունների ղեկավարներն արձանագրել են փոխըմբռնման ձեռքբերումն այն հարցերի շուրջ, որոնց լուծումը նպաստում է հիմնարար սկզբունքներին համաձայնելու համար պայմանների ստեղծմանը»,- ասվում է նախագահների հայտարարության մեջ:

Փաստաթղթում ասվում է, որ հանդիպման մասնակիցները դիտարկել են հիմնարար սկզբունքների նախագծի համաձայնեցման նպատակով իրականացվող աշխատանքների ընթացքը: