27 հունիսի 2011 - 18:57 AMT
Գորենշտեյնը հիվանդության պատճառով չի ղեկավարի նվագախումբը Չայկովսկու մրցույթում

Ռուսաստանի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Մարկ Գորենշտեյնը հիվանդության պատճառով չի շարունակի իր մասնակցությունը Չայկովսկու անվան միջազգային 14-րդ մրցույթին, հաղորդում է մրցույթի պաշտոնական կայքը: Նվագախումբը «Թավջութակ» անվանակարգի եզրափակիչ փուլում կղեկավարեն Պետերբուրգի Մարինյան թատրոնի խմբավարներ Միխայիլ Ագրեստը և Պավել Սմելկովը:

Չայկովսկու անվան միջազգային 14-րդ մրցույթին Հայաստանը ներկայացնում է թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, ով անցել է մրցույթի եզրափակիչ` երրորդ փուլ և ելույթ է ունենալու հունիսի 27-ին: Երկրորդ փուլում նրա պարտադիր ծրագրային Յ. Հայդնի № 1 թավջութակի և նվագախմբի համար կոնցերտի կատարումը ժյուրին ճանաչել է լավագույնը: Նարեկ Հախնազարյանը ծնվել է 1988 թ. Երևանում: Ավարտել է Մոսկվայի պետական կոնսերվատորիան և կարճ ժամանակահատվածում դարձել միջազգային համբավ վայելող երաժիշտ: “The Washington Post” թերթը նրան անվանել է ֆենոմենալ թավջութակահար: Նարեկ Հախնազարյանը մասնակցել է բազմաթիվ միջազգային մրցույթների և ամենուր արժանացել բարձր գնահատանքի: Նա ելույթներ է ունեցել ԱՄՆ-ում՝ Լոս Անջելեսում, Բոստոնում, Նյու Յորքում, Ֆլորիդայում, ինչպես նաև Տոկիոյում, Լոնդոնում, Փարիզում, Վիեննայում, Մոսկվայում, Երևանում և աշխարհի այլ մայրաքաղաքներում։ Այժմ Հախնազարյանը Փասադենայի սիմֆոնիկ նվագախմբի մենակատարն է: