28 հունիսի 2011 - 13:16 AMT
Հրաչ Բերբերյան. Մսի բարձր գներն իշխանությունների ստեղծած վակուումի հետևանք են

Հայաստանի ագրարագյուղացիական միավորման (ՀԱՄ) նախագահ Հրաչ Բերբերյանը գտնում է, որ մսի շուկայում պետական մարմինները «արհեստական վակուում են ստեղծել», որն էլ գների բարձրացման պատճառ դարձավ: Ըստ նրա, վերջին ամսում 1 կգ տավարի մսի գինը աճել է 250 դրամով: «Եթե նախկինում 1 կգ տավարի մսի մեծածախ գինը 2000-2050 դրամ էր, ապա այժմ 2350 դրամ է, որն այլևս չի նվազի»,-հավելել է նա հունիսի 28-ին տեղի ունեցած մամլո ասուլիսում:

ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը կից սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը դիտարկում է անցկացրել «ԳՈՒՄ-ի շուկայում», որտեղ միսը վաճառվում է սանիտարահիգիենիկ նորմերի խախտումով: Տաղավարների սեփականատերերը պարտավորվել են սառնարաններ տեղադրել տարածքում և համապատասխան թույլտվություն ստանալ:

PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Հրաչ Բերբերյանը հայտնել է, որ 2010թ. Հայաստանում խոշոր եղջերավորների գլխաքանակը կրճատվել է 10 տոկոսով, նույն ցուցանիշն է ակնկալվում նաև 2011թ. ավարտին: Միավորման նախագահը հավելել է, որ որոշ չափով աճել է ոչխարի գլխաքանակը: Ինչ վերաբերում է խոզերին, նրանց գլխաքանակը «հնարավոր կլինի հաշվել աշնանը տարվա ավարտին, երբ կամփոփվեն հիվանդությունների, այդ թվում աֆրիկյան ժանտախտի, դաբաղի և այլ հիվանդությունների հասցրած վնասի հետևանքները»:

2011-ի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի գյուղերում և քաղաքատիպ համայնքներում հաշվվել է 571 357 գլուխ խոշոր եղջերավոր անասուն, ինչը 2010-ի նույն շրջանի համեմատ ավել է 0.1 տոկոսով, հաղորդում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը: Միաժամանակ, նշված շրջանում կրճատվել է տավարի գլխաքանակը 0.5 տոկոսով` կազմելով 272 572, խոզերի գլխաքանակն ավելացել է 1.9 տոկոսով` կազմելով 114 777:

Միևնույն ժամանակ, Հայաստանում ընդհանուր առմամբ ոչխարների և այծերի գլխաքանակը 2010-ի հունվարի համեմատ ավելացել է 4.2 տոկսով ` կազմելով 532 515, իսկ ձիերի քանակը երկրում նվազել է 6.8 տոկոսով` 10 042 գլուխ: