Ստեփան Դեմիրճյան. Ընդդիմության և իշխանությունների լավագույն երկխոսությունն ազատ ընտրություններն են

Ստեփան Դեմիրճյան. Ընդդիմության և իշխանությունների լավագույն երկխոսությունն ազատ ընտրություններն են

PanARMENIAN.Net - Արտահերթ ընտրությունները Հայաստանում նոր քաղաքական մշակույթ ձևավորելու և իշխանությունների հետ քաղաքակիրթ երկխոսության միակ միջոցն են: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀԱԿ անդամ, Հայաստանի Ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը: «Լավագույն երկխոսությունն ազատ և արդար արտահերթ ընտրությունների անցկացումն է»,- ասել է նա: Նա հավելել է, որ «արտահերթ ընտրությունների անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ նախորդ ընտրությունները կեղծվել են, ինչպես նաև նրանով, որ ներկա իշխանությունը ցույց է տվել երկրի առջև ծառացած խնդիրների լուծման անկարողությունը»: Թե որքան է սպասելու ընդդիմությունը երկրում արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ պահանջի կատարմանը, Դեմիրճյանը պատասխանել է. «Ժամանակ դեռ կա, սակայն ընդդիմությունը չի կարող երկար սպասել»:

Դեմիրճյանը նաև հավելել է, որ եթե արդար արտահերթ ընտրությունների արդյունքում հաղթի գործող իշխանությունը, ապա ՀԱԿ-ը կընդունի այդ արդյունքները: Միաժամանակ նա կասկած է հայտնել, որ ներկա իշխանությունն ընդունակ է անցկացնել արդար ընտրություններ:

Ընդդիմությունը` ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, որն իր թեկնածությունն էր առաջադրել 2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների ժամանակ և պարտվեց Սերժ Սարգսյանին, փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում հանրահավաքներ էր անցկացնում` իր դժգոհությունն արտահայտելով քվեարկության արդյունքների կապակցությամբ: Բողոքի ցույցերը մարտի 1-2-ին անկարգությունների և ոստիկանության հետ ցուցարարների բախումների վերածվեցին: Գլխավոր դատախազության տվյալներով, տուժեց մոտ 200 մարդ, տասը զոհվեցին, իսկ բերման ենթարկվեց ավելի քան 100 մարդ: 2008 թվականին ստեղծվեց Հայ Ազգային Կոնգրեսը (ՀԱԿ)` Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ: 2008 թվականից իշխանություններն ու ՀԱԿ-ը հայտարարում էին երկրում քաղաքական երկխոսություն սկսելու անհրաժեշտության մասին, որը սկսեց իրական գծեր ստանալ 2011 թվականի գարնանը: Հենց 2011 թվականի գարնանը իշխանություններն ընդդիմությանը թույլատրեցին հանրահավաքներ անցկացնել Երևանի Ազատության հրապարակում, հայտարարեցին 2008 թվականի մարտյան ողբերգական դեպքերի հետաքննությունը վերսկսելու մտադրության մասին, իսկ մայիսի 26-ին Հայաստանի խորհրդարանն ընդունեց Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին ՀՀ նախագահի առաջարկը: Համաներմամբ ազատ արձակվեցին հայկական արմատական ընդդիմության կողմնակիցները, որոնք բանտարկվել էին 2008 թվականի մարտի 1-2-ի անկարգությունների մասին գործով, այդ թվում` ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանն ու «Հայկական ժամանակ» ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը: Հունիսի 6-ի դրությամբ համաներմամբ ազատ են արձակվել 400 բանտարկյալներ: Հունիսի 2-ին ՀԱԿ-ը պատվիրակություն ձևավորեց իշխանությունների հետ բանակցություններ վարելու համար և հայտարարեց երկխոսության իր օրակարգի մասին` երկրում արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունների անցկացում: Իշխանություններն իրենց հերթին հայտարարեցին, որ մտադիր են ընդդիմության հետ քննարկել երկրի առջև ծառացած կարևորագույն խնդիրները, սակայն ընդդիմությանը կոչ են անում պատրաստվել հերթական ընտրություններին` նշելով, որ երկրում արտահերթ ընտրությունների համար օբյեկտիվ պատճառներ չկան:

ՀԱԿ-ը Քաղխորհրդի արտահերթ նիստում որոշեց իշխանությունների հետ երկխոսություն վարելու համար իր պատվիրակության կազմը: Պատվիրակության կազմի մեջ մտան ՀԱԿ-ի համակարգող Լևոն Զուրաբյանը, Կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը, ՀԱԿ-ի տնտեսական հանձնաժողովի անդամ, Մալաթիայում ՀԱԿ-ի կառույցի ղեկավար Վահագն Խաչատրյանը, Հայաստանի Ժողովրդական կուսակցության քարտուղար Ֆելիքս Խաչատրյանը և Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) վարչության ղեկավարի տեղակալ Սամվել Աբրահամյանը: Իշխանության ներկայացուցիչներն իրենց հերթին հայտարարում են, որ չեն պատրաստվում ՀԱԿ-ի հետ բանակցություններ վարել նման ձևաչափով:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---