28 հունիսի 2011 - 17:04 AMT
Իրանի խորհրդարանի խոսնակը գտնում է, որ ղարաբաղյան հիմնահարցը պետք է լուծել տարածաշրջանի սահմաններում

Տարածաշրջանային հակամարտությունները պետք է լուծվեն տարածաշրջանի ներսում բանակցությունների անցկացման միջոցով: Այդ մասին հայտնել է Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին` խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի մասին: Նրա խոսքով, փորձը ցույց է տալիս, որ երբ տարածաշրջանային հակամարտությունների լուծմանը մեծ երկրներ են միջամտում, այդ հակամարտությունը երկարաձգվում է: Միջնորդները սեփական շահերն են հետապնդում այդ հարցում:

Իրանի խորհրդարանի խոսնակը հիշեցրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն արդեն երկար տարիներ բանակցություններ է վարում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ: «Ինչպիսի՞ արդյունքների են հասել: Ինչպե՞ս են նրանք վերաբերվել այդ հիմնախնդրի լուծմանը: Այս տեսակետից մենք հիմնավորված կերպով գտնում ենք, որ նման հակամարտությունների լուծման ուղղությամբ իրականացվող բանակցությունները կարող են ավելի արդյունավետ անցկացվել տարածաշրջանի ներսում, քանի որ տարածաշրջանի երկրները կարող են ավելի լավ հասկանալ միմյանց»,- նշել է Ալի Լարիջանին, հաղորդում է Թրենդ ադրբեջանական գործակալությունը:

Հունիսի 24-ին Կազանում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն ավարտվեց առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ հիմնարար սկզբունքների մասին պայմանավորվածությունների ձեռքբերման: Կողմերը համատեղ հայտարարություն ընդունեցին, որում առաջընթաց են արձանագրել այդ նպատակին հասնելու ճանապարհին: «Պետությունների ղեկավարներն արձանագրել են փոխըմբռնման ձեռքբերումն այն հարցերի շուրջ, որոնց լուծումը նպաստում է հիմնարար սկզբունքներին համաձայնելու համար պայմանների ստեղծմանը»,- ասվում է նախագահների հայտարարության մեջ: Փաստաթղթում ասվում է, որ հանդիպման մասնակիցները դիտարկել են հիմնարար սկզբունքների նախագծի համաձայնեցման նպատակով իրականացվող աշխատանքների ընթացքը: Ադրբեջանի և Հայաստանի նախագահներն իրենց երախտագիտությունն են հայտնել Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի առաջնորդներին, որոնք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են, «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հանդեպ նրանց մշտական ուշադրության համար»: Նրանք բարձր են գնահատել ՌԴ նախագահի անձնական ջանքերը պայմանավորվածությունների ձեռքբերմանն աջակցելու գործում, ասվում է համատեղ հայտարարության մեջ:

Ավելի ուշ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտնեց, որ Կազանի հանդիպումը բեկումնային չեղավ, որովհետև Ադրբեջանը պատրաստ չեղավ ընդունել եռանախագահների կողմից առաջարկված հիմնարար սկզբունքների վերջին տարբերակը: Ավելին, ադրբեջանական կողմը մոտ մեկ տասնյակ փոփոխություններ առաջարկեց, և դա էր պատճառը, որ Կազանի հանդիպումը բեկումնային չեղավ: