28 հունիսի 2011 - 17:23 AMT
Հայերի և ադրբեջանցիների միջև տեղեկատվական պայքարը շարունակվում է. այս անգամ Google translate-ում

Այսօր 1news.az-ը տարածել էր, թե Google translate օնլայն բառարանում ադրբեջաներեն Ղարաբաղ գրելիս բոլոր լեզուներով թարգմանվում է Armenia, այսինքն՝ Հայաստան։

Իրականում Google translate-ում ադրբեջաներենով Qarabağ գրելիս թարգմանությունը ճշգրիտ Ղարաբաղ է ցույց տալիս, քանի որ Qarabağ-ի վերջին տառը ադրբեջաներեն է գրված։ Սակայն գրելով Qarabag՝ վերջին տառը անգլերեն g, թարգմանվում է Հայաստան բոլոր լեզուներով։

1news.az-ը գրում էր նաև, որ հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությունը Ղարաբաղյան հարցում՝ այս միջադեպը դժվար թե տեխնիկական շփոթմունք է։

Բլոգեր և տեղեկատվական անվտանգության մասնագետ Տիգրան Քոչարյանը PanARMENIAN.Net-ի թղթակցին ասաց, որ իր կարծիքով նման տեղեկատվական պայքարը լուրջ չէ։

«Տեղեկատվական պայքարի նման ձևին ես հավանություն չեմ տալիս։ Սա միայն ժամանակի վատնում է։ Կարող է արդյունքի հասնես, և Google-ը ընդունի քո առաջարկը, սակայն հակառակ կողմը միանգամից կբողոքարկի և եթե շատերը բողոքարկեն, Google-ը կմտքափոխվի։ Նման դեպքեր շատ են լինում, սակայն շատ ժամանակային ռեսուրսներ են խլում»,- ասաց Տիգրան Քոչարյանը և ավելացրեց, որ ավելի լավ կլինի Google Maps-ում նման առաջարկներ անել տեղանքների ճիշտ անվանումների համար, որն ավելի կարևոր է, քան Google translate-ը։

«Google-ն ունի ավելի կարևոր արտադրանքներ, որոնց վրա աշխատելը և ժամանակ ծախսելն ավելի արդյունավետ կլինի։ Չնայած կրկին սա ժամանակավոր է, քանի որ միշտ էլ բազմաթիվ հիմնավոր բողոքներ նկատելու դեպքում Google-ը գերադասում է մեծամասնության կարծիքը և ուղղում»,- նշեց Տիգրան Քոչարյանը։

Google-ի այնպիսի արտադրանքները, ինչպիսին Google Maps-ն է կամ Google translate-ը օգտագործողը կարող է խմբագրել։