28 հունիսի 2011 - 17:46 AMT
Ստեփան Սաֆարյանը բացառում է «Ժառանգության» և ՀԱԿ-ի գաղափարական դաշինքը

«Ժառանգության» և Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) գաղափարական դաշինքն այս պայմաններում բացառվում է` հատկապես հաշվի առնելով ՀԱԿ-ի դիրքորոշումը հայ-թուրքական գործընթացի և ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: «Ես կարծում եմ, որ միավորման թեման մեկընդմիշտ փակ է և փակվել է դեռևս 2009 թվականին, երբ ձևավորվեց ՀԱԿ և առաջարկ արվեց «Ժառանգությանը»,- հայտնել է նա: Սաֆարյանն ավելացրել է, որ ժամանակը ցույց տվեց, որ «Ժառանգության» որոշումը ճիշտ էր, մասնավորապես, այն բանից հետո, երբ պարզ դարձավ ՀԱԿ դիրքորոշումը հայ-թուրքական գործընթացի և ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ:

«Ժառանգության» ներկայացուցիչը նաև հավելել է, որ եթե ՀԱԿ-ն ինքն իրեն դոմինանտ ընդդիմադիր ուժ է հայտարարել, ապա պետք է պատասխանատվություն կրի այն բանի համար, որ ընդդիմությունը միավորված չէ: «ՀԱԿ-ի դերը Հայաստանի ընդդիմադիր դաշտի ավերման գործում, հատկապես վերջին շրջանում նկատելի է, և դա պետք է խոստովանել»,- նշել է նա այս կապակցությամբ: Սաֆարյանը, մասնավորապես, նշել է ՀԱԿ-ի մեղքով հասարակության ընդդիմադիր տրամադրված հատվածի հիասթափությունը:

Ընդդիմությունը` ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, որն իր թեկնածությունն էր առաջադրել 2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների ժամանակ և պարտվեց Սերժ Սարգսյանին, փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում հանրահավաքներ էր անցկացնում` իր դժգոհությունն արտահայտելով քվեարկության արդյունքների կապակցությամբ: Բողոքի ցույցերը մարտի 1-2-ին անկարգությունների և ոստիկանության հետ ցուցարարների բախումների վերածվեցին: Գլխավոր դատախազության տվյալներով, տուժեց մոտ 200 մարդ, տասը զոհվեցին, իսկ բերման ենթարկվեց ավելի քան 100 մարդ:

2008 թվականին ստեղծվեց Հայ Ազգային Կոնգրեսը (ՀԱԿ)` Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ: 2008 թվականից իշխանություններն ու ՀԱԿ-ը հայտարարում էին երկրում քաղաքական երկխոսություն սկսելու անհրաժեշտության մասին, որը սկսեց իրական գծեր ստանալ 2011 թվականի գարնանը: Հենց 2011 թվականի գարնանը իշխանություններն ընդդիմությանը թույլատրեցին հանրահավաքներ անցկացնել Երևանի Ազատության հրապարակում, հայտարարեցին 2008 թվականի մարտյան ողբերգական դեպքերի հետաքննությունը վերսկսելու մտադրության մասին, իսկ մայիսի 26-ին Հայաստանի խորհրդարանն ընդունեց Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին ՀՀ նախագահի առաջարկը: Համաներմամբ ազատ արձակվեցին հայկական արմատական ընդդիմության կողմնակիցները, որոնք բանտարկվել էին 2008 թվականի մարտի 1-2-ի անկարգությունների մասին գործով: ՀԱԿ-ի կարծիքով, այդ գործողություններով իշխանությունները կատարում են իր պահանջները, և Կոնգրեսը հայտարարեց երկխոսություն սկսելու պատրաստակամության մասին: Հունիսի 2-ին ՀԱԿ-ը պատվիրակություն ձևավորեց իշխանությունների հետ բանակցություններ վարելու համար և հայտարարեց երկխոսության իր օրակարգի մասին` երկրում արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունների անցկացում: Իշխանություններն իրենց հերթին հայտարարեցին, որ մտադիր են ընդդիմության հետ քննարկել երկրի առջև ծառացած կարևորագույն խնդիրները, սակայն ընդդիմությանը կոչ են անում պատրաստվել հերթական ընտրություններին` նշելով, որ երկրում արտահերթ ընտրությունների համար օբյեկտիվ պատճառներ չկան:

Օրերս ՀԱԿ-ը Քաղխորհրդի արտահերթ նիստում որոշեց իշխանությունների հետ երկխոսություն վարելու համար իր պատվիրակության կազմը: Պատվիրակության կազմի մեջ մտան ՀԱԿ-ի համակարգող Լևոն Զուրաբյանը, Կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը, ՀԱԿ-ի տնտեսական հանձնաժողովի անդամ, Մալաթիայում ՀԱԿ-ի կառույցի ղեկավար Վահագն Խաչատրյանը, Հայաստանի Ժողովրդական կուսակցության քարտուղար Ֆելիքս Խաչատրյանը և Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) վարչության ղեկավարի տեղակալ Սամվել Աբրահամյանը: Ւշխանության ներկայացուցիչներն իրենց հերթին հայտարարել են, որ չեն պատրաստվում ՀԱԿ-ի հետ երկխոսություն վարել նման ձևաչափով: