Սլովենիայի նախագահն անընդունելի է համարում ղարաբաղյան հիմնախնդրի լուծման ուժային տարբերակը

Սլովենիայի նախագահն անընդունելի է համարում ղարաբաղյան հիմնախնդրի լուծման ուժային տարբերակը

PanARMENIAN.Net - Միայն խաղաղ բանակցություններով է հնարավոր լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, և ուժի կիրառումը կամ դրա սպառնալիքն անընդունելի է: Այդ մասին հունիսի 28-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հեռախոսազրույցում հայտնել է Սլովենիայի Հանրապետության նախագահ Դանիլո Թյիրկը: Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը, Սլովենիայի նախագահի խնդրանքով, Սերժ Սարգսյանը ներկայացրել է հունիսի 24-ին Կազանում տեղի ունեցած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքները:

Հունիսի 24-ին Կազանում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն ավարտվեց առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ հիմնարար սկզբունքների մասին պայմանավորվածությունների ձեռքբերման: Կողմերը համատեղ հայտարարություն ընդունեցին, որում առաջընթաց են արձանագրել այդ նպատակին հասնելու ճանապարհին: «Պետությունների ղեկավարներն արձանագրել են փոխըմբռնման ձեռքբերումն այն հարցերի շուրջ, որոնց լուծումը նպաստում է հիմնարար սկզբունքներին համաձայնելու համար պայմանների ստեղծմանը»,- ասվում է նախագահների հայտարարության մեջ: Փաստաթղթում ասվում է, որ հանդիպման մասնակիցները դիտարկել են հիմնարար սկզբունքների նախագծի համաձայնեցման նպատակով իրականացվող աշխատանքների ընթացքը:

Ավելի ուշ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտնեց, որ Կազանի հանդիպումը բեկումնային չեղավ, որովհետև Ադրբեջանը պատրաստ չեղավ ընդունել եռանախագահների կողմից առաջարկված հիմնարար սկզբունքների վերջին տարբերակը: Ավելին, ադրբեջանական կողմը մոտ մեկ տասնյակ փոփոխություններ առաջարկեց, և դա էր պատճառը, որ Կազանի հանդիպումը բեկումնային չեղավ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---