Փոխվարչապետն այցելեց Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջան

Փոխվարչապետն այցելեց Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջան

PanARMENIAN.Net - Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը հունիսի 28-ին այցելեց Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջան, մարզպետ Սուրեն Խաչատրյանի ուղեկցությամբ տեղում ծանոթացավ կապիտալ շինարարության ծրագրերի ընթացքին:

Արմեն Գևորգյանն այցելեց Անգեղակոթ համայնք, որտեղ ՀՀ սոցներդրումների հիմնադրամի միջոցներով վերակառուցվում է համայնքային կենտրոնը, որը նախատեսվում է շահագործման հանձնել սեպտեմբերին: Համայնքում պետբյուջեի միջոցներով ընթացքում է նաև դպրոցի հիմնանորոգումը, որն ավարտին կհասցվի տարեվերջին: Անգեղակոթում փոխվարչապետն այցելեց նաև ձկնաբուծական տնտեսություն, ծանոթացավ գործունեությանը, արտադրության ծավալներին, զարգացման հնարավորություններին:

Սիսիանի քաղաքապետարանում Արմեն Գևորգյանը խորհրդակցություն անցկացրեց տարածաշրջանի համայնքների ղեկավարների մասնակցությամբ: Փոխվարչապետին ներկայացվեցին մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրով իրականացվող աշխատանքները. ընթացքում են Սիսիանի ջրային հայելիների սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքները: Ջրավազաններից մեկի մաքրումն արդեն ավարտվել է, մեկնարկել են երկրորդի աշխատանքները: Այս նպատակի համար ծրագրով հատկացվել է 55 մլն դրամ, իսկ Սիսիանի ներհամայնքային ճանապարհների վերանորոգման համար` 70 մլն դրամ:

Խորհրդակցությանը անդրադարձ եղավ նաև տարածաշրջանի համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման ընթացքին: Համայնքների ղեկավարների կողմից բարձրացվեց հողի հարկի և գույքահարկի պարտքերի դատական կարգով գանձման ընթացակարգերի պարզեցման խնդիրը, ինչը, ըստ նրանց, կբարձրացնի հարկահավաքման արդյունավետությունը:

Քննարկվեցին հանրապետական ճանապարհի` Սիսիան- Տոլորս – Դաստակերտ հատվածի ընթացիկ սպասարկումը ժամանակին իրականացնելու, ինչպես նաև Բռնակոթ համայնքնի ոռոգման խնդիրը Համաշխարհային բանկի ծրագրերում ընդգրկելու հնարավորությունները:

Արմեն Գևորգյանը Սիսիանում եղավ նաև պետբյուջեի միջոցներով վերակառուցվող ավագ դպրոցում, տեղում ծանոթացավ աշխատանքներին, որոնք ավարտին կհասցվեն մինչև տարեվերջ, հաղորդում է ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---