29 հունիսի 2011 - 12:01 AMT
Հայաստանում շուտով կգործի եվրոպական 211 կամ ամերիկյան 911 արագ արձագանքման համակարգ

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայի գլխավորած պատվիրակությունը:

Կողմերը երկուստեք նշել են, որ Հայաստան-ՆԱՏՕ գործընկերությունն արդյունավետորեն զարգանում է և անդրադարձել են Աֆղանստանում տեղակայված հայկական զինուժի փաստին:

Արթուր Բաղդասարյանը տեղեկացրել է, որ իր նախագահությամբ և շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների ներգրավվածությամբ ՀՀ-ՆԱՏՕ ԱԳԳԾ-ի շրջանակներում ակտիվորեն գործում է Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը, որը պարբերաբար անցկացվող հանդիպումների և քննարկումների միջոցով համակարգում է ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի փոխգործակցությունը: Կողմերն իրենց գոհունակությունն են հայտնել հարաբերությունների առկա մակարդակի վերաբերյալ` միևնույն ժամանակ ընդգծելով մի շարք կոնկրետ ուղղություններով համագործակցության խորացման անհրաժեշտությունը: Մասնավորապես Արթուր Բաղդասարյանն առանձնացրել է արտակարգ իրավիճակների ոլորտը, որտեղ իրականացվող բարեփոխումների շրջանակներում կառավարության որոշմամբ ստեղծվել է ճգնաժամերի կառավարման կենտրոն, ինչպես նաև նախատեսվում է ներդնել եվրոպական 211 կամ ամերիկյան 911 մոդելի արագ արձագանքման համակարգ: Այս համատեքստում Արթուր Բաղդասարյանը կարևորել է ՆԱՏՕ-ի հետ հետագա համագործակցության խորացումը` փորձագիտական և տեխնիկական աջակցության տեսքով, ինչը կնպաստի այդ համակարգերի հետագա գործունեության արդյունավետության խթանմանը:

Ի լրումն վերոնշյալի, Արթուր Բաղդասարյանը տեղեկացրել է, որ Հայաստանում մշակվել և արդյունավետորեն իրականացվում է ոստիկանական ոլորտի բարեփոխումների ծրագիր Եվրամիության և ԵԱՀԿ-ի հետ սերտ համագործակցությամբ, սակայն առկա են ՆԱՏՕ-ի հետ համագործակցության հնարավորություններ ոլորտի որոշակի կոնկրետ ուղղություններով` կիբեր ահաբեկչության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ուղղություններով: Նա նշել է, որ միջազգային փորձագետների նկատառումների հաշվառմամբ արդեն իսկ մշակվել է կիբեր ահաբեկչության դեմ պայքարի ազգային ծրագիր:

Բարձրաստիճան հյուրն արտահայտել է իր գոհունակությունը Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ներկայիս ընթացքի վերաբերյալ` կարևորելով հանդիպման ընթացքում համագործակցության խորացմանն ուղղված կոնկրետ ուղղությունների նախանշումը: Նա պարտավորվել է հանդիպումից անմիջապես հետո հանձնարարականներ ներկայացնել արտակարգ իրավիճակների դեպքում քաղաքացիական բնակչության պաշտպանության հարցերով պատասխանատու ստորաբաժանումներին` մշակել համագործակցության կոնկրետ մեխանիզմներ, ինչպես նաև առաջարկներ ներկայացնել ահաբեկչության դեմ պայքարի ռազմավարության իրականացման վերաբերյալ: Նա նաև նշել է, որ ՆԱՏՕ-ի` կիբեր անվտանգությանը վերաբերող մոտեցումները և այս ասպարեզում գործընկերների հետ հետագա փոխգործակցության հարցերը կարևոր նշանակություն ունեն:

Տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցերի քննարկման ընթացքում Արթուր Բաղդասարյանը, անընդունելի և ոչ կառուցողական համարելով Ադրբեջանի դիրքորոշումը, ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում` նշելով, որ Հայաստանը, անընդունելի համարելով ռազմական ճանապարհը, միանշանակ կողմ է բանակցային ուղով և փոխընդունելի փոխզիջումների միջոցով խնդրի հանգուցալուծմանը, հաղորդում է ԱԱԽ մամուլի ծառայությունը: