30 հունիսի 2011 - 10:20 AMT
Հայաստանը կմասնակցի Սանկտ Պետերբուրգում կայանալիք Եվրոպական աստղագիտական համագումարին

Հուլիսի 4-ից 8-ը Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա տարվա գլխավոր աստղագիտական իրադարձությունը` Եվրոպական աստղագիտական ընկերության (EAS) հերթական համագումարը: Ինչպես հաղորդել է Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ Արեգ Միքայելյանը, համագումարի ընթացքում տեղի կունենան 9 գիտաժողովներ և 10 հատուկ նստաշրջաններ, ԵԱԸ խորհրդի նիստ,ինչպես նաև մի շարք այլ հանդիպումներ և քննարկումներ:

Համագումարին կմասնակցեն եվրոպական երկրների ավելի քան 640 աստղագետներ և այլ հյուրեր: Հայաստանից համագումարին կմասնակցի անձամբ Արեգ Միքայելյանը, որը նաև Վիրտուալ աստղադիտարաններին նվիրված նստաշրջանի համակազմակերպիչն է և հրավիրված զեկուցող:

Հիշեցնենք, որ նման համագումար 2007թ. տեղի է ունեցել նաև Հայաստանում, որը Հայաստանի պատմության մեջ խոշորագույն գիտական միջոցառումն էր: 2008-ին ԵԱԸ համագումարն անցկացվեց Վիեննայում, 2009-ին` Լոնդոնում, իսկ 2010-ին` Լիսաբոնում: