30 հունիսի 2011 - 14:07 AMT
Առաջիկա տարիներին Հայաստանում կհիմնվեն 306 հա նոր այգիներ

2012թ.-ից սկսած երեք տարում Հայաստանում կհիմնվեն 305-306 հա նոր այգիներ: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Գյուղատնտեսական կարողությունների զարգացում», Կառավարության գյուղական տարածքների զարգացման ծրագրերի միջազգային կապերի մասնագետ Ալեքսանդր Քալանթարյանը;

«Ծրագիրն արդեն մեկնարկում է, մի քանի օր առաջ արդեն համաձայնագիր են կնքել IFAD (Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամ) և ՕՊԵԿ միջազգային զարգացման հիմնադրամը»,-ասել է Քալանթարյանը: Ըստ նրա, ծրագրի ընդհանուր արժեքը 52 մլն դոլար է, որից 13-14 մլն կուղղվի գյուղատնտեսության զարգացմանը, իսկ մյուս մասը՝ անհրաժեշտ ենթակռուցվածքների ստեղծմանը:

Քալանթարյանը նշել է, որ նոր այգիներ հիմնելու համար կօգտագործվի Դանիայի կառավարության 3,6 մլն դոլար դրամաշնորհը: Նա հավելել է նաև, որ բանակցությունների ընթացքում նոյեմբերին այդ գումարը կարող է հասնել 4,7 մլն: Ըստ նրա, ծրագիրն իրականացնում է «Հայկական միրգ» ընկերությունը:

Ծրագրի շրջանակներում ցուցադրական այգիներ կհիմնվեն երեք մարզերում՝ Վայոց Ձորում, Արագածոտնում ու Տավուշում: Այգիներում կօգտագործվեն ժամանակակից տեխնոլոգիաներ և ինտենսիվ այգեգործության մեթոդներ: Ըստ նրա, կառավարությունը մտադիր է նաև հողատարածքների վարձակալության վերաբերյալ պայմանագիր կնքել գյուղացիների հետ 10-12 տարի ժամկետով: Գյուղացիները ցանկության դեպքում կարող են պայմանագրով աշխատել այդ հողատարածքներում: «Կառավարությունը կվերադարձնի հողերը` ծախսերը հատուցելուն պես: Նույնիսկ եթե գումարը չհատուցվի, հողն ամեն դեպքում կվերադարձվի գյուղացուն»,-ասել է Քալանթարյանը՝ հավելելով, որ ըստ նախնական հաշվարկների, ծախսերը կհատուցվեն 7-8 տարի անց: Բացի այդ, ըստ փորձագետի, գյուղացիներին արտոնյալ վարկեր կտրամադրվեն, որոնց շնորհիվ նախատեսվում է նոր այգիների մակերեսը հասցնել 700 հա: