30 հունիսի 2011 - 19:23 AMT
Չինական SINOM ընկերությունը հետաքրքրվել է Հայաստանի զբոսաշրջության ոլորտով

Զբոսաշրջության զարգացման, ոլորտում ավիացիոն ընկերությունների ներգրավման, ինչպես նաև մայրաքաղաքում ներդրումային ծրագրերին առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և չինական SINOM ընկերության նախագահ Անդի Ժանգի հանդիպման ժամանակ:

Ինչպես հաղորդում է քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնությանհետ կապերի վարչությունը, ներկայացնելով իր ղեկավարած ընկերության գործունեության հիմնական ուղղությունները, Անդի Ժանգն առանձնացրել է ընկերության Հայաստանի հետ կապված ծրագրերը: Կարեն Կարապետյանը, գնահատելով հայ-չինական հարաբերությունների կարևորությունը, ընդգծել է փոխշահավետ գործակցության Երևանի պատրաստակամությունը: Ներկայացնելով մայրաքաղաքում ներդրումային առումով հետաքրքրություն ներկայացնող ոլորտները, քաղաքապետն առանձնացրել է մասնավորապես զբոսաշրջության բնագավառում Երևանի հետաքրքրությունները: SINOM ընկերության նախագահն իր հերթին հավաստել է փոխշահավետ գործակցության չինական կողմի շահագրգռվածությունն ու պատրաստակամությունը: