Չայկովսկու անվան XIV մրցույթի թավջութակահարների շարքում ոսկե մեդալակիր Նարեկ Հախնազարյանը

Չայկովսկու անվան մրցույթ. Նարեկ Հախնազարյանը ճանաչվեց լավագույն թավջութակահարը

Չայկովսկու անվան մրցույթ. Նարեկ Հախնազարյանը ճանաչվեց լավագույն թավջութակահարը

PanARMENIAN.Net - Մոսկվայում հայտարարել են Չայկովսկու անվան XIV միջազգային մրցույթի դափնեկիրների անունները: Պարգևատրման հանդիսավոր արարողությունը կայացել է հունիսի 30-ի երեկոյան Չայկովսկու անվան համերգասրահում և ուղիղ եթերով հեռարձակվել մրցույթի կայքում:

Թավջութակահարների շարքում ոսկե մեդալ և առաջին մրցանակ է ստացել Նարեկ Հախնազարյանը (Հայաստան), երկրորդ մրցանակի արժանացել է Էդգար Մորոն (Ֆրանսիա), երրորդ մրցանակի` Իվան Կարիզնան (Բելառուս):

Դաշնակահարների մրցույթում ոսկե մեդալ և առաջին մրցանակ է ստացել Դանիիլ Տրիֆոնովը (Ռուսաստան), ջութակահարների շարքում ոսկե մեդալ և առաջին մրցանակ չի հանձնվել, երկրորդ տեղը կիսել են Սերգեյ Դոգադինը (Ռուսաստան) և Իտամար Զորմանը (Իսրայել):

Հանդիսատեսի առցանց քվեարկության արդյունքում հանձնված հատուկ մրցանակների են արժանացել Դանիիլ Տրիֆոնովը (դաշնամուր), Սերգեյ Դոգադինը (ջութակ), Նարեկ Հախնազարյանը (թավջութակ), Ելենա Գուսևան (վոկալ) և Էնխբատ Ամարտուվշինը (վոկալ): Վլադիմիր Կրայնևի անվան հատուկ մրցանակը հանձնվել է ուկրաինացի դաշնակահար Ալեքսանդր Ռոմանովսկուն:

Թավջութակահար Նարեկ Հախնազարյանը հունիսի 25-ին անցել էր Չայկովսկու անվան 14-րդ միջազգային մրցույթի եզրափակիչ` երրորդ փուլ: Բացի դրանից նրա` երկրորդ փուլում պարտադիր ծրագրային Յ. Հայդնի № 1 թավջութակի և նվագախմբի համար կոնցերտի կատարումը ժյուրին ճանաչել է լավագույնը:

Այս տարվա մրցույթի գլխավոր սկանդալը կապված էր Հախնազարյանի հետ, քանզիՌուսաստանի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Մարկ Գորենշտեյնը վիրավորել էր նրան փորձի ժամանակ: Արդյունքում վերջինս հեռացվել էր մրցույթից, չնայած ներողություն էր խնդրել հայ երաժշտից:

Այս տարի մրցույթին մասնակցում էին 122 երաժիշտներ 29 երկրից: Ընդհանուր թվով ներկայացված է եղել 583 հայտ 50 երկրից: Մրցույթը անցկացվում է «Դաշնամուր», «Ջութակ», «Թավջութակ» և «Մեներգ» անվանակարգերում:

Նարեկ Հախնազարյանը ծնվել է 1988 թ.-ն Երևանում: Ավարտել է Մոսկվայի պետական կոնսերվատորիան և կարճ ժամանակահատվածում դարձել միջազգային համբավ վայելող երաժիշտ: «Վաշինգթոն փոսթ» թերթը նրան անվանել է ֆենոմենալ թավջութակահար: Նարեկ Հախնազարյանը մասնակցել է բազմաթիվ միջազգային մրցույթների և ամենուր արժանացել բարձր գնահատանքի: Նա ելույթներ է ունեցել ԱՄՆ-ում՝ Լոս Անջելեսում, Բոստոնում, Նյու Յորքում, Ֆլորիդայում, ինչպես նաև Տոկիոյում, Լոնդոնում, Փարիզում, Վիեննայում, Մոսկվայում, Երեւանում եւ աշխարհի այլ մայրաքաղաքներում։ Այժմ Հախնազարյանը Փասադենայի սիմֆոնիկ նվագախմբի մենակատարն է:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---