1 հուլիսի 2011 - 12:26 AMT
Ֆրանսիայի ԱԳՆ. Երևանին և Բաքվին կներկայացվեն Ղարաբաղի վերաբերյալ լրացուցիչ առաջարկներ

Ղարաբաղյան հակամարտության կողմերին ներկայացվելու են լրացուցիչ առաջարկաներ Ղարաբաղի շուրջ ինչ-որ համաձայնության հանգելու համար: Այդ մասին «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ալեն Ժյուպեն: Նրա խոսքերով, Ֆրանսիան ողջունում է Ռուսաստանի և երկրի նախագահի ջանքերը խնդրի կարգավորման հարցում, և ցավալի է, որ Կազանի հանդիպումը չի հանգեցրել արդյունքների:

ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի նախագահների Կազանում կայացած գագաթաժողովն ավարտվեց առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ հիմնարար սկզբունքների մասին պայմանավորվածությունների ձեռքբերման: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, կողմերն առաջընթաց են արձանագրել այդ նպատակին հասնելու ճանապարհին: «Պետությունների ղեկավարներն արձանագրել են փոխըմբռնման ձեռքբերումն այն հարցերի շուրջ, որոնց լուծումը նպաստում է հիմնարար սկզբունքներին համաձայնելու համար պայմանների ստեղծմանը»,- ասվում է նախագահների հայտարարության մեջ: Փաստաթղթում ասվում է, որ հանդիպման մասնակիցները դիտարկել են հիմնարար սկզբունքների նախագծի համաձայնեցման նպատակով իրականացվող աշխատանքների ընթացքը: