1 հուլիսի 2011 - 13:43 AMT
Արագընթաց գնացքները չեն կարող ճանապարհը զիջել արածող անասուններին

Երկաթուղային գծանցներում անօրինական անցում կատարող ավտոմեքենաների, ինչպես նաև երկաթուղիների մոտ արածող կենդանիների բախումը գնացքի հետ 2011-ին ավելացել է 50-60 տոկոսով: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է «Հարավ-կովկասյան երկաթուղի» ՓԲԸ Ենթակառուցվածքի ծառայության պետի տեղակալ Աշոտ Ունուսյանը: Նրա խոսքերով, ընկերության ղեկավարությունը և նրա աշխատակիցները գործադրում են բոլոր ջանքերը երկաթուղային գծանցներում անվտանգության բարձրացման համար: «Մարդիկ ուղղակի գնում և նստում են երկաթգծերի վրա և չեն պատկերացնում, որ մի քանի րոպե անց կարող է մոտենալ գնացքը»,- ասել է նա:

Հունիսի 27-ի գիշերը Վարդենիս-Զոդ վազուղիում ավտոմեքենան, առանց թույլտվության դուրս է եկել գծանց, բախվել է գնացքին: Ինչպես նշել է մասնագետը, դժբախտ պատահարներն ավելացել են այն պատճառով, որ ընկերությունն ավելացրել է գնացքների երթևեկության արագությունը գրեթե 2 անգամ, մասնավորապես Գյումրի-Երևան ուղեմասի որոշ հատվածներում կարող է զարգացնել մինչև 70-80 կմ/ժ արագություն: Ունուսյանը հավելել է, որ գնացքը չի կարող մեկ ակնթարթում կանգ առնել: Արգելակման բոլոր արտահերթ միջոցների օգտագործման դեպքում գնացքի արգելակման ուղին կազմում է 1000 մետր, «այն դեպքում, երբ նախկին արագությունների դեպքում մեքենավարը կարող էր ճանապարհը զիջել գծանցն անցնող մարդկանց և կենդանիներին»:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ձեռնարկում է գծանցներում անվտանգության ապահովման համար բոլոր անհրաժեշտ միջոցները: Միայն 2011 թ. ՀԿԵ-ն 40,8 մլն. ռուբլի է ուղղելու գծանցների վերանորոգման և արդիականացման ծրագրի իրականացմանը: Ընկերությունը նախատեսում է իրականացնել գծանցների արդիականացման մի շարք աշխատանքներ, մասնավորապես, գծանցների ուղեանցերի ասֆալտապատում, ուղեփակոցների տեղադրում, մոտեցման հատվածներում սարքավորումների տեղադրում և այլն: