1 հուլիսի 2011 - 14:04 AMT
Երևան-Սևան առաջին էլեկտրագնացքը երևանյան նոր «Ալմաստ» կառամատույցից կմեկնի հուլիսի 7-ին

Երևան-Սևան էլեկտրագնացքը նոր «Ալմաստ» կառամատույցից ուղևորվելու է հուլիսի 7-ին: Այդ մասին հուլիսի 1-ին Երևանում մամլո ասուլիսում հաղորդել է «Հարավ-կովկասյան երկաթուղի» ՓԲԸ Ենթակառուցվածքի ծառայության պետի տեղակալ Աշոտ Ունուսյանը: Նրա խոսքերով, նոր կառամատույցը գտնվում է Երևանի «Ալմաստ» գործարանի մոտ: Ինչպես հաղորդել է Աշոտ Ունուսյանը, 2006-ից երկաթուղին այդ հատվածում ապամոնտաժված էր: ՀԿԵ ղեկավարության որոշմամբ ճանապարհը վերականգնվել է, կառուցվել կառամատույց, իրականացվել են այլ անհրաժեշտ աշխատանքներ:

Գնացքն ամեն օր Երևանից կուղևորվի Սևանի Ծովագյուղ, իսկ հանգստյան օրերին Երևան-Սևան-Շորժա ուղղությամբ, տոմսի արժեքը կկազմի 500-700 դրամ:

«Ալմաստ» կառամատույցի շահագործումը թույլ կտա մեր քաղաքացիներին ամռանը հանգստանալ Սևանում»,- ասել է Ունուսյանը: