1 հուլիսի 2011 - 16:23 AMT
Երևանում քննարկեցին Ադրբեջանի հետ տեղեկատվական պատերազմում հայկական ԶԼՄ-ների համագործակցության ձևաչափը

«Նորավանք» գիտակրթական հիմնադրամում կայացավ «Հայկական լրատվական ռեսուրսների համագործակցությունը տեղեկատվական անվտանգության համատեքստում» թեմայով կլոր սեղան: «Մենք որոշակի հաջողություններ ունենք տեղեկատվական պատերազմում, բայց և ունենք շատ խնդիրներ»,- կլոր սեղանի բացմանն ասաց «Նորավանք» հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը: Խնդիրների թվում նա, մասնավորապես, նշեց արևմտյան և ռուսական հեռուստաալիքներով այս տարվա ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա չլուսաբանվելը և «Միր» հեռուստաալիքով Ադրբեջանի հունիսի 26-ի ռազմական շքերթի հեռարձակումը: Հարությունյանը հավաքվածներին առաջարկեց քննարկել և գտնել տեղեկատվական պատերազմում հայ լրագրողների և ԶԼՄ-ների համագործակցության ձևաչափը:

Կլոր սեղանի ժամանակ հավաքվածներին առաջարկվեց այդ գործընթացների մեջ ներգրավել աշխարհում Հայաստանի դեսպանություններին, պետգերատեսչությունների մամլո ծառայություններին, ինչպես նաև կարգավորել համագործակցությունը հայկական ԶԼՄ-ների ղեկավարների միջև: